«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների բողոքի ակցիան այս պահին շարունակվում է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության մոտ:
Քիչ առաջ նախարար Սուրեն Կարայանը ընդառաջելով նաիրիտցիների պահանջին առաջարկեց մի քանի հոգով բարձրանալ իր աշխատասենյակ քննարկելու իրենց հուզող հարցերը: Երեք հոգի այս պահին նախարարի հետ հանդիպման են:
Նրանք պահանջում են վերագործարկել «Նաիրիտ» գործարանը:
Նշենք, որ այսօր՝ հոկտեմբերի 13-ին, «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները կրկին հավաքվել էին Կառավարության շենքի առջեւ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ակցիայի մասնակիցներից մեկը՝ համակարգող խմբից Կարինե Շահվերդյանը նշել էր. «Գործարար Աշոտ Գրիգորյանը, որը պատրաստ էր ներդրումներ կատարել, իրենց հայտնել է, որ հոկտեմբերի 6-ին հանդիպել է կառավարության ղեկավար կազմի հետ, որի ժամանակ իրեն խորհուրդ չեն տվել մտնել «Նաիրիտի» լծի տակ: Մատնացույց են արել այն բարդություններն ու խնդիրները, որոնք լուրջ խոչընդոտներ են ստեղծում ներդրողի համար»: Այս փաստը վրդովվեցրել է նաիրիտցիներին:











