Հայաստանի ԱԳ նախարարությանը լրացուցիչ եւս մեկ բջջային հեռախոս կտրամադրեն: Այս մասին որոշումն ընդունվել է կառավարության հոկտեմբերի 13-ի նիստում:
Ինչպես հայտարարել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, որոշումն ընդունվել է ելնելով արտաքին գործերի եւս մեկ փոխնախարարի հաստիք ստեղծելու հանգամանքից:
Վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ այդպիսի տեղական բնույթի հարցերը չպետք է քննարկվեն կառավարության նիստերում:
«Դուք մեզ հանձնարարել էիք մինչեւ հոկտեմբերի 18-ը առաջարկներ պատրաստել որոշումների ապակենտրոնացման մասին: Սակայն հաշվի առնելով, որ դրա համար անհրաժեշտ կլինեն նաեւ օրենսդրական փոփոխություններ, առայժմ կխնդրեմ առաջնորդվել այն նույն մոդելով, որը կիրառվում է կառավարական կոմիտեներում. որպեսզի այդպիսի որոշումներն առանց քննարկման ընդունվեն: Դրանք միայն այն դեպքում կքննարկվեն, երբ առարկություններ լինեն»,- հայտարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:











