IBM –ը Ամերիկայի ուսուցիչների ֆեդերացիայի (American Federation of Teachers, AFT) հետ համատեղ կոգնիտիվ IBM Watson ծառայության հիման վրա ստեղծել է Teacher Advisor միջավայր, որն նախատեսված է ուսուցիչների աշխատանքը եւ դասավանդման պրոցեսներն ավելի արդյունավետ եւ թիրախային դարձնելու համար: Նախագծի թեստավորմանն արդեն մասնակցում են հարյուրավոր ուսուցիչներ: Այս մասին տեղեկանում ենք IBM-ի բլոգից:
Teacher Advisor-ն իրենից ներկայացնում է անհատականացված ինֆորմացիայի աղբյուր ուսուցիչների համար: Այն օգնում է նրանց ավելի լավ պատրաստվել դասերին՝ ստանալով տվյալ թեմային առնչվող ամենավերջին ինֆորմացիան ու նյութերը:
Բացի դրանից, Teacher Advisor-ի օգնությամբ ուսուցիչները ստանում են դպրոցականների դասավանդման մեթոդների եւ կրթական ստանդարտների մասին ինֆորմացիա: Նախագծի վրա երկու տարի աշխատանք է տարվել, որին մասնակցել է նաեւ AFT-ն:
Աշխատելով Teacher Advisor միջավայրում՝ ուսուցիչը կարող է ցանկացած հետաքրքրող թեմայով հարցում անել եւ ստանալ անհատականացված պատասխան, օգնություն եւ խորհուրդներ, օրինակ՝ դասապրոցեսի պլանավորմանը վերաբերվող հարցերի պատասխաններ:
Մարդու կատարած հարցմանը պատասխանելու համար IBM Watson-ը լրացուցիչ հարցեր կարող է տալ: Երբ համակարգնը իդենտիֆիկացնում է հարցումը, ուսուցիչը ստանում է իրեն հետաքրքրող հարցի պատասխանը:
Teacher Advisor-ի ներկա տարբերակը աստիճանաբար պետք է կատարելագործվի: Բովանդակության բազան աստիճանաբար կհամալրվի նոր նյութերով, որոնք տրամադրվում են այնպիսի կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են UnboundEd, Student Achievement Partners, Illustrative Mathematics եւ այլն:











