Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը իր պաշտոնում վերանշանակվելու երաշխիքը համարում է իր կատարած աշխատանքը, եւ տեղեկությունները, որ իր վերանշանակման գործում մեծ դեր է ունեցել «Տաշիր» ընկերության սեփականատեր, գործարար Սամվել Կարապետյանի միջոնդությունը, համարում է «պատահական անցորդների խոսակցություն»։
Հրանուշ Հակոբյանը NEWS.am-ի հետ զրույցում թվարկեց այն արատները, որոնցից զերծ է մնացել «թե անցած, թե ներկա ռեժիմի» օրոք, ինչի շնորհիվ էլ վերանշանակվել է։
«Դուք՝ որպես լրագրողներ, պետք է խորանաք եւ տեսնեք՝ արդյոք Հրանուշ Հակոբյանը անցած ռեժիմում, ներկա ռեժիմում, երբ իրեն որեւէ աշխատանք է հանձնարարվել, նա իրոք անօրինություն է կատարե՞լ, գողություն է արե՞լ , կոռուպցիայի մեջ է մեղադրվե՞լ, այլանդակություններ արե՞լ, որի համար նա չպետք է շարունակի աշխատել։ Ամբողջ կյանքիս ընթացքում, ոչ միայն այս ութ տարիների, մեկ հավատամք ունեմ՝ աշխատել լավից լավ, կատարելագործվել, գիտելիք ձեռք բերել, փորձ ունենալ ու պատասխանատվությամբ կատարել այն հանձնարարությունը, որն ինձ տրված է»,-ասաց Հրանուշ Հակոբյանը։
Նշենք, որ Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց հետո կառավարության կազմը մեծամասամբ փոխվեց։ Պաշտոններին հրաժեշտ տվեցին նաեւ Հրանուշ Հակոբյանի կուսակիցները։
Հակոբյանը չզլացավ եւ մանրամասնեց, թե ինչ կապեր ունի Կարապետյանների հետ եւ ինչու իր նշանակման հետ կապված նման միջնորդություն չէր կարող լինել։ Ի դեպ, Կարապետյանների հետ Հրանուշ Հակոբյանը բացի 70-ականներից սկսվող ընկերական կապից, ունի նաեւ խնամիական կապ։ Իր քրոջ՝ Խաչանուշ Հակոբյանի դուստրը Սամվել Կարապետյանի եղբոր՝ Կարեն Կարապետյանի որդու կինն է։
«Ընդհանրապես, ես պետական աշխատանքի եմ եղել 78 թվականից, այդ ժամանակ Կարեն եւ Սամվել Կարապետյանները դեռ իմ ընկերները չէին, մենք 83-84 թվականից ենք Կարեն Կարապետյանի հետ ընկերություն արել, եւ այդ ընկերությունը շարունակվում է։ Հպարտ եմ, որ նման խնամիներ ունեմ, բայց ես Հրանուշ Հակոբյան եմ եղել ու շարունակում եմ լինել իմ ծնված օրից»։
Դիտարկմանը, թե ուզում է ասել՝ երբ ինքը արդեն Հրանուշ Հակոբյան էր, Կարեն Կարապետյանը դեռ այս Կարեն Կարապետյանը չէր ազդեցություն ունենալու առումով, պատասխանեց․ «Ձեր այդ ձեւակերպումը ընդունելի չէ, ես ուզում եմ ասել՝ երբ որ ես Կենտկոմի քարտուղար էի, նոր ճանաչել եմ Կարեն Կարապետյանին»։
Նախարարի պաշտոնում վերանշանակվելու իր արժանիքներն ավելի հիմնավոր դարձնելու նպատակով, Հակոբյանը խորհուրդ տվեց ինձ ու գործընկերոջս այցելել նախարարություն եւ համոզվել, թե ինչ «հզոր, խոշոր» հայկական կազմակերպություններից է շնորհավորանքներ ստացել վերանշանակվելու առթիվ։
«Ինձ գնահատում են այն կառույցներն ու կազմակերպությունները, որոնց հետ ես աշխատում եմ, պատահական անցորդները կարող են բառեր արտասանել, որն ինձ հետ որեւէ աղերս չունի։ Նման խոսակցությունները հորինում են, ստեղծում ու տարածում են այն մարդիկ, որոնց գուցե իմ քայլվածքը, իմ նիստուկացը դուր չի գալիս»,-հավաստիացրեց Հրանուշ Հակոբյանը, որը սփյուռքի նախարարի պաշտոնը զբաղեցնում է հիմնադրման օրվանից։











