«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ, կալանքի տակ գտնվող Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոց կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու հարցով դատական նիստը ընդմիջվել է, քանի որ քննիչը տեղյակ չի եղել իր իսկ քննության ներքո գտնվող գործի մանրամասներից: Այս մասին NEWS.am-ի հետ զրունցում ասաց Սեֆիլյանի փաստաբան Արա Զաքարյանը:

Նշենք, որ նիստն ընդմիջվել է մինչեւ երեկոյան ժամը 19.00-ն:

«Քննիչը բացարձակապես տեղյակ չէ գործի նյութերից, թեպետ ինքն է միջնորդել կալանքի անհրաժեշտության  մասով: Նա բացարձակապես տեղյակ չէր եւ չէր կարողանում որեւէ հարցի պատասխանել: Չէր տիրապետում նյութին ու չէր կարող հիմնավորում ներկայացնել կալանքի անհրաժեշտության համար: Նա եկել էր դատարան միջնորդությունը հրապարակեր ու առաքելությունը ավարտած համարեր: Նա խնդրեց ժամանակ, որ նյութերին ծանոթանա, պատասխանի հարցերին, բայց հետո տեղեկացա՝ շենքից հեռացել է Հատուկ քննչական ծառայություն՝ երեւի օգնական բերելու համար»,-ասաց պաշտպանը:

Նա նաեւ նշել է, որ Ժիրայր Սեֆիլյանը հրաժա8վել է մասնակցել դատական նիստին:

Հիշեցնենք, որ 2015թ. փետրվարին քրեական գործ էր հարուցվել Քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելը: Սույն քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել «Հիմնադիր խորհրդարանի» միանգամից հինգ անդամի՝ Գեւորգ Սաֆարյան, Ժիրայր Սեֆիլյան, Գարեգին Չուգասզյան, Պավլիկ Մանուկյան եւ Վարուժան Ավետիսյան: Այդ գործով մեղադրյալները ստորագրությամբ ազատ արձակվեցին: Մեկ այլ քրեական գործ էլ հարուցվեց այս տարվա մայիսին, որի շրջանակում մեղադրանք առաջադրվեց Ժիրայր Սեֆիլյանին եւ եւս 8 անձանց: Սեֆիլյանը մեղադրվում էր մի խումբ անձանց միջոցով զենքի ապօրինի շրջանառություն կազմակերպելու մեջ: Այս երկու գործերն օգոստոսին միացվեցին «Սասնա ծռերի»գործին: Այժմ Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35-225-րդ եւ 38-235-րդ հոդվածներով: