Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել սեպտեմբերի 29-ին ուշ երեկոյան Արմավիրի մարզի Նորակերտ գյուղում տեղի ունեցած վիճաբանության եւ դանակահարության մասին:
Ըստ ոստիկանության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության՝ սեպտեմբերի 29-ին հիվանդանոց էր տեղափոխվել 4 անձ, որոնցից 3-ը դանակահարված, իսկ 1-ն էլ՝ գանգուղեղային վնասվածքով: Իրավապահները պարզել են, որ չորսն էլ վնասվածքները ստացել են Նորակերտում տեղի ունեցած վիճաբանությանը եւ դրան հաջորդած դանակահարության ժամանակ: Ավելի ուշ պարզ է դարձել, որ դանակահարությունը կատարել է նույն գյուղի բնակիչ Հովհաննես Եսայանը:
Ոստիկանության բաժին բերման ենթարկված Հովհաննես Եսայանը պատմել է, որ ամեն ինչ սկսվել է կորսված եւ գտնված հեռախոսից ու չհասկացված հեռախոսազանգից: Կորել էր Հովհաննես Եսայանի մոր բջջային հեռախոսը, գտել էր համագյուղացին, իրար չհասկանալու պատճառով, թե ով եւ ինչպես պետք է վերադարձնի հեռախոսը, սկսվել է վիճաբանություն, որին հաջորդել է դանակահարությունը:
Նախաքննությունը շարունակվում է, Հովհաննես Եսայանը կալանավորված է:











