Ոչ ռիսկային երկրներից արտահանման հայտարարագրի փաստաթղթերի առկայության դեպքում ամբողջովին անցնելու ենք հաշիվ-ապրանքագրերում նշված գներով մաքսազերծմանը՝ հրաժարվելով «հսկիչ գներից»: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ԱԺ-ում ներկայացնելով Կառավարության ծրագիրը, հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ նկատելով, որ բիզնեսը շատ է դժգոհում, այսպես կոչված, հսկիչ գներից:
Նրա խոսքով, այդ պրակտիկան էապես սահմանափակելու համար ներմուծման ժամանակ ոչ ռիսկային երկրներից արտահանման հայտարարագրի փաստաթղթերի առկայության դեպքում ամբողջովին անցնելու ենք հաշիվ-ապրանքագրերում նշված գներով մաքսազերծմանը, կրճատելու ենք այլ պետական մարմիններից պահանջվող տեղեկանքների թիվը:
«Բիզնես միջավայրի բարելավման համար նախատեսում ենք նաեւ կրճատել գործունեության որոշակի տեսակներով զբաղվելու համար նախատեսված թույլտվությունների եւ լիցենզիաների ցանկը՝ պարզեցնելով դրանց տրամադրման գործընթացները, ինչպես նաեւ՝ 2017 թվականի ընթացքում առնվազն 6 ոլորտում տեսչական գործառույթների փոփոխությունները հասցնել ավարտին»,-ընդգծել է վարչապետը:











