Բարեփոխումների ներկայիս փուլում բավարար չէ միայն հավասար պայմանների ստեղծումը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ԱԺ-ում ներկայացնելով Կառավարության ծրագիրը, հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ այժմ կառավարությունը պետք է իր վրա վերցնի՝ թեկուզ ժամանակավորապես, ներդրումային ակտիվության, դրա միջոցով աշխատատեղերի ստեղծումը խթանողի գործառույթը եւ զանազան գործիքակազմով մասնակցություն ցուցաբերի Հայաստանի համար առանցքային ներդրումային ծրագրերի իրականացման գործում։
«Հենց այդ նպատակով մենք ստեղծելու ենք հատուկ ներդրումային հիմնադրամ, որը կնպաստի Հայաստանում տնտեսական նախագծերի արագ ձեւավորմանն ու զարգացմանը։
Բիզնես միջավայրի բարելավումը մշտական եւ անընդհատ գործառույթ է: Այս առումով գերխնդիր է անընդհատ մոնիթորինգի ենթարկել, բացահայտել եւ վերացնել տնտեսական ակտիվությանը խոչընդոտող իրավական նորմերն ու պրակտիկան: Բիզնես հանրությունը պետք է ոչ միայն մշտապես տեղեկացվի այս աշխատանքներին, այլեւ գործուն մասնակցության հնարավորություն ունենա բարեփոխումների ընթացքին: Հատկապես կարեւոր է այս աշխատանքներում փոքր եւ միջին ձեռնարկությունների ընդգրկումը, նրանց համար հնարավորությունների ստեղծումը եւ այդ հնարավորություններն օգտագործելուն իրապես աջակցելը:
Յուրաքանչուր գործարար կունենա հնարավորոթյուն «թեժ գծի» միջոցով ուղիղ կապ հաստատել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության հետ։ Կառավարության պաշտոնական կայքում կտեղադրենք տեղեկատվություն աշխատակազմի այն պատասխանատուների մասին, որոնց միջոցով բիզնեսը կարող է իրեն հուզող հարցերն ուղղել Վարչապետին։ Վստահ եղեք, որ որեւէ դիմում անարձագանք չի մնա։
Աշխատանքներ կիրականացվեն նոր ստեղծվող, ինովացիոն, ինչպես նաեւ հանրապետությունում փոքր եւ միջին ձեռնարկությունների ընդգրկմամբ առավելագույն ավելացված արժեք ստեղծող արտադրական շղթաների համար օրենսդրական եւ ներդրումային բարենպաստ միջավայրի ստեղծման ուղղությամբ: Բիզնեսի որոշ տեսակներ կխթանվեն (օրինակ, ջերմոցային տնտեսություն, գյուղատնտեսական մթերքների վերամշակում եւ այլն) էներգակիրների սահմանափակ ժամկետով գործող արտոնյալ սակագների միջոցով:
Համապատասխան թվով նոր աշխատատեղեր ստեղծող ձեռնարկություններին կաջակցենք հարկային արտոնությունների եւ էներգակիրների արտոնյալ սակագների միջոցով:
Տնտեսության վրա մուլտիպլիկատիվ մեծ ազդեցություն ունեցող տուրիզմի ոլորտը լինելու է մեր ուշադրության կենտրոնում: Նոր ձեւավորված տուրիզմի կոմիտեի միջոցով առավել նպատակաուղղված ներկայացնելու ենք Հայաստանի գրավչությունը, ձեռնարկելու ենք միջոցառումներ էապես ավելացնելու գնա տուրիստների ներհոսքը: Ապահովելու ենք բյուջետային ավիաընկերությունների թռիչքներ Հայաստան՝ հատկապես ուղղորդելով նրանց Գյումրիի օդանավակայան:
Տնտեսական գործունեության ողնաշար հանդիսացող արտադրական ենթակառուցվածքները լինելու են մեր ուշադրության կենտրոնում: Էներգետիկ համակարգում նոր որակի ենք ձգտելու տարածաշրջանային շուկայում ակտիվ առեւտրային կապերի միջոցով: Հայասատանի համար կենսական արտաքին առեւտրի կայուն զարգացման համար հետեւողականորեն զարգացնելու ենք երկրի կոմունիկացիաները, աջակցելու ենք տեղեկատվական տեխնոլոգիաների սեկտորին: Ծրագիրը մանրամասն անդրադառնում է այս կարեւորագույն ոլորտներին:
Մեծ ուշադրություն ենք դարձնելու մեր ժողովրդի կենսագործունեության վրա անմիջական ազդեցություն ունեցող առաջնահերթ խնդիրներին: Մասնավորապես, շարունակելու ենք աղետի գոտու վերականգնման աշխատանքները, 2017 թվականին ամբողջովին ավարտելու ենք Գյումրի քաղաքի պետական բնակարաշինարարության ծրագիրը: Առանձնահատուկ կցանկանայի նշել, որ կառավարությունը հետամուտ է լինելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ համագործակցության խորացմանը եւ Լեռնային Ղարաբաղի տնտեսական հզորացմանն ուղղված խնդրների լուծմանը»,-ընդգծել է ՀՀ վարչապետը:











