Մի խումբ երիտասարդներ Տավուշի մարզում ներկայացել են առողջապահության նախարարության աշխատակիցներ եւ խաբեությամբ քաղաքացիներից գումար շորթել, ինչն օրերս բացահայտել են իրավապահները: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության պաշտոնական կայքէջից:
Մի խումբ քաղաքացիներ՝ Երեւանի բնակիչ 36 ամյա Անժելան, 26-ամյա Արթուրը, Եղվարդի բնակիչներ 24-ամյա Անդրանիկն ու 23-ամյա Նարինեն հոկտեմբերի 3-ին մեկնել են Իջեւան, ներկայացել ՍՊԸ-ի աշխատակիցներ եւ քաղաքապետարանից մի աշխատասենյակ խնդրել բարեգործութան նպատակով: Աշխատասենյակը ստանալուց հետո զանգահարել են տարբեր համայնքների բնակիչների ներկայացել առողջապահության նախարարության աշխատակիցներ եւ քաղաքացիներին հայտնել, թե «մատչելի» գներով բուժհետազոտություն են իրականացնում մարզում: Քաղաքացիներն հավատացել են եւ 7 հազար դրամ գումարով հետազոտության համար հերթագրվել: Ավելի ուշ տուժած կանանցից մեկը իրավապահներին պատմել է, որ նրանք ինչ-որ առարկա են դրել իր թեւին եւ իբրեւ հետազոտել, ապա առաջարկել նշանակումներ անել հավելյալ վճարի դիմաց: Խաբեության տեղեկությունը հասել է իրավապահներին, որոնք ինքնակոչ «բժիշկներին» բերման են ենթարկել ոստիկանություն: Պարզվել է, որ նշված անձինք համապատասխան որակավորում ու համակարգչային թեստավորում անցկացնելու իրավունք չունեն եւ զբաղվել են խարդախությամբ: Նշված դեպքով քննություն է կատարվում:











