ՀՀ նախագահի նստավայրում այսօր՝ հոկտեմբերի 24-ին, տեղի է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի եւ պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Մալթայի Նորին Վսեմություն Արքայազն եւ մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգի առանձնազրույցը: Մինչ այդ տեղի է ունեցել պարգեւատրման արարողություն:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն եւ մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգին պարգեւատրել է Փառքի շքանշանով՝ Հայաստանի Հանրապետության եւ Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի միջեւ միջպետական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Հայաստանի Հանրապետության եւ Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի միջեւ բարեկամական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի մեծ դիվանապետ բարոն Ալբրեխտ ֆոն Բեզըլագերը, Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի մեծ բարեխնամ իշխան Դոմինիկ դը Լա Ռոշֆուկո-Մոնբելը պարգեւատրվել են Պատվո շքանշանով, Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Միշել Ուղուրլյանը՝ Բարեկամության շքանշանով:

Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն եւ մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգի եւ Մալթայի Մարտական Ուխտի ինքնիշխան ժողովի որոշմամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պարգեւատրվել է Մալթայի Ուխտի բարձրագույն պարգեւով՝ Մալթայի Ուխտի արժանիքների համար շղթայով:

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պարգեւատրվել է Մալթայի Ուխտի երկրորդ կարգի բարձր պարգեւով՝ Մալթայի Ուխտի արժանիքների համար մեծ խաչով, Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանը՝ Մալթայի Ուխտի արժանիքների համար Մալթայի Ուխտի մեծ սպայի խաչով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը՝ Մալթայի Ուխտի բարձր պարգեւով՝ Մալթայի Ուխտի արժանիքների համար մեծ խաչով:

Պարգեւատրման արարողությունից հետո, նախագահ Սերժ Սարգսյանը եւ Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն եւ մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը բանակցությունների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջեւ համատեղ հայտարարություններով:

Ի պատիվ պետական այցով Հայաստան ժամանած Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն եւ մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անունից տրվել է պետական ճաշ: