Ոստիկանության Շենգավիթի բաժնում հոկտեմբերի 18-ին մի քաղաքացի զանգահարել եւ հայտնել էր, որ Բագրատունյաց փողոցում, Երեւանյան լճի մոտ չշահագործվող շինությունում տղամարդու դիակ կա:

Պարզվել է, որ մահացածը մշտական բնակության վայր չունեցող, նախկինում մի քանի անգամ դատված Վաղարշակ Ասլանյանն է, որը վաղուց էր ոստիկանների տեսադաշտում:

Ամիսներ առաջ նրան դանակահարել էին, դանակահարողը կալանավորված էր:

Դեպքի վայրում օղու դատարկ շշեր, ուտելիքի մնացորդներ ու խաղաթղթեր կային: Բազմոցից կարելի էր դատել, որ Ասլանյանը հենց այստեղ էր ապրում: Հավանաբար հյուրեր էր ունեցել, խմել էին, թուղթ խաղացել:

Դատաբժշկի փորձաքննության համաձայն մահը վրա էր հասել գլխուղեղի կենսական կարեւոր ֆունկցիաների սուր խանգարումից, բութ գանգուղեղային վնասվածքի հետեւանքով: Բժիշկները մարմնի վրա հայտնաբերել էին նաեւ քերծվածքներ, արնանման հետքեր, քթոսկրի կոտրվածք:

Ինչ-որ մեկը, որ հավանաբար Ասլանյանի բաժակի ընկերն էր եղել, ծեծել էր նրան եւ ոչ այնտեղ, որտեղ գտել էին հանգուցյալին: Վաղարշակին քարշ էին տվել հարեւան սենյակից, ստեղծել իմիտացիա, իբր, ինքն է ընկել, սակայն արյան հետքերն այլ տեղ էին տանում:

Ոստիկաններին հաջողվել է պարզել, որ Վաղարշակին սպանել է «Գյամշ» մականունով Նորայր Ա.-ն: Վերջինիս հայտնաբերել են հոկտեմբերի 21-ին եւ բերման ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին:

Նորայր Ա.-ն ոստիկանությունում խոստովանել է հանցանքը եւ պատմել, որ Վաղարշակին ճանաչում է 18 տարի, կալանավայրում էին ծանոթացել: Նրա խոսքով, իրենք այդ շինությունում միասին են ապրել, ինքը խնամել է Վաղարշակին: Այդ օրը միասին խմել են, եւ վատառողջ Վաղարշակը խնդրել է իրեն զուգարան տանել: Հարբած խնամակալն էլ ընկերոջ պահվածքից նեղվել էր:

«Մխտառություն արեց, կեղտոտեց, ըտենց միամիտ, խմած էի, ստացվեց, էլի»,-ասել է նա:

Առավել մանրամասը՝ տեսանյութում: