YouTube-ի Political sideshow ալիքում տեսանյութ է հրապարակվել, որում երիտասարդների ամբոխը Հոլիվուդի Փառքի ծառուղում նվաստացնում է անտուն աֆրոամերիկացուն: Հոլովակի հեղինակի հավաստմամբ՝ կնոջը ծաղրել են Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի կողմնակիցները, քանի որ կինը խանգարել է իրենց ակցիային՝ քարոզելով հանրապետական Դոնալդ Թրամփին:
Ըստ Lenta-ի՝ երիտասարդները փորձել են անտուն կնոջ ձեռքից խլել Թրամփի օգտին քվեարկելու կոչով պաստառը: Ամբոխը գետին է տապալել կնոջը, որն ընկել է Մորգան Ֆրիմանի աստղի կողքին:
Հոլովակը մեկնաբանողները պաշտպանել են կնոջը: Ոմանք նախկին պետքարտուղարի համակիրներին «հիմար ահաբեկիչ եւ նացիստ» են կոչել, չնայած երիտասարդների թվում նաեւ սեւամորթներ են եղել:











