Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է Օթար Վարամաշվիլիին, որը օգոստոսի 31-ին փախել էր Ռուսթավիի քաղաքային բանտից՝ օգտագործելով հացի խմորից պատրաստած նռնակ, որը արտաքինից ոչնչով չէր տարբերվում իրական նռնակից: Ամեն բան տեղի էր ունեցել դատարանում վերջին դատական գործընթացի ժամանակ: Այդ ժամանակ Օթարը հայտնել էր, որ իրեն վատ է զգում, եւ ոստիկանները նրա համար շտապ օգնություն էին կանչել:
Նա օգտվել էր պահակախմբի ուշադրությունը շեղելու փաստից եւ փախել դատարանի դահլիճից: Ոստիկանները վազել էին նրա հետեւից, եւ այդ ժամանակ ձերբակալվածը նրանց վրա էր նետել նռնակը, անցել պատի վրայով եւ փախել: 45 օր ազատության մեջ մնալով՝ նա հասցրել է նշանադրվել եւ ամուսնանալ՝ հարսանիքը նշելով քաղաքից դուրս գտնվող ռեստորանում:
Վարամաշվիլիի փաստաբանը հույս ունի, որ դատարանը կմեղմի պատիժը, քանի որ բանտարկյալն ընդունում է մեղքը, եւ ամուսնության գործոնը, ըստ փաստաբանի, կարող է գլխավոր դեր խաղալ դատավորի որոշուման համար: Օթարի ծնողները չեն ընդունում որդու եւ նրա կնոջ ամուսնությունը: Ասում են, որ որդին մանկությունից ծանոթ է եղել կնոջ հետ, եւ որ այդ աղջիկն աչքի է ընկել թեթեւաբարո վարքով:
Ռեցիդիվիստ գողի կինը՝ Լիզին, ասում է, որ տեղյակ է եղել ամուսնու փախուստի մասին, եւ որ ամուսնացել է՝ հանուն մեծ սիրո:
«Մենք վաղուց ենք ճանաչում իրար: Սակայն մեզ վիճակված չէր միասին լինել, քանի որ նա շատ ժամանակ առաջ էլի բանտում էր հայտնվել: Ես այն ժամանակ փոքր էի: Հետո այնպես ստացվեց, որ մենք չկարողացանք միասին լինել»,- ասում է Լիզի Վասաձեն:
Վարամաշվիլիի փաստաբան Լեկսո Կոբայձեն հույս ունի, որ դատավորը կմեղմի պատիժը, քանի որ պաշտպանյալը փախել էր ամուսնանալու համար:











