Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը դեմ է, որ իրենց բյուջեն կրճատվի 4,3 մլն դրամով, այդ պատճառով արդեն իսկ առարկություններ է ներկայացրել Ֆինանսների նախարարություն։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, 2017 թվականի պետբյուջեի նախագծի խորհրդարանական լսումներից հետո լրագրողների հետ զրույցում ասաց մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Որոշակի անճշտություններ կան, որոնք ներառվելու են վերամշակված տարբերակում։ Բացի դրանից, մի քանի ամսից մենք ունենալու ենք աշխատավարձերի բարձրացում եւ սոցիալական երաշխիքների բարձրացումներ, հետեւաբար կրճատումներ այստեղ լինել չեն կարող»․- ասաց Արման Թաթոյանը։
Օմբուդսմենը հիշեցրեց, որ երբ բարձրացվեց աշխատակիցների կրճատման հարցը, ինքն այդ ժամանակ էլ հայտարարեց, որ որեւէ կրճատում չի լինելու, ավելին երկու մարզային ներկայացուցչություն էլ ավելանալու է առաջիկայում․ «Իմ սկզբունքային մոտեցումն է․ ՄԻՊ աշխատակազմի աշխատակիցը չպետք է ավելի ցածր ստանա, քան նախարարության կամ դատարանի աշխատակազմի աշխատակից, բացառված է։ Հիմնարար լուծումներ են լինելու եւ օրենքով ամրագրվելուց հետո մեր բյուջեն պետք է ավելանա»։
Թե ինչքան գումար պետք է ավելացվի, Արման Թաթոյանը դժվարացավ նշել։











