Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի խաղողագործների մի մասը, որոնք մինչ օրս չեն ստացել անցած տարվա մթերած խաղողի պարտքը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանից պահանջում են լուծում տալ իրենց հարցին: Այսօր՝ նոյեմբերի 3-ին, կառավարության դիմաց մի խումբ խաղողագործներ մոտեցան նախարարին, որը գյուղացիներին տեղեկացրեց, որ պայմանագիր է կնքվել, ըստ որի սպիրտը պետք է վաճառվի եւ ստացված գումարով տրվի գյուղացիների պարտքը: Բացի այդ, նախարարը գյուղացիներին տեղեկացրեց, որ բանկի հետ պայմանավորվածություն է ձեռքբերվել, որպեսզի խաղողագործներին «չնեղեն». «Բանկի հետ խոսում ենք, որ ձեզ չնեղեն, էդ մարդը պետք է սպիրտը տանի, որ փողը կարողանա տա: Սպիրտը պետք է հասնի, որ փողը փոխանցեն ու ձեզ վճարել կարողանա» :

Նախարարի այս պատասխանը զայրացած խաղողագործներին չբավարարեց, նրանք Իգնատի Առաքելյանից պահանջեցին, որպեսզի կոնկրետ ժամկետ նշի, թե երբ կտան իրենց գումարները, որին նախարարաը պատասխանեց. «Ես հո նրա ձեռքից փողը չեմ վերցնելու՞ ու բերեմ ձեզ տամ, կգնամ, կասեմ հանձնարարություն կբացեն ու կպատժեն, որից հետո կբերի, փողը կտա ձեզ»:

Քաղցրաշենցիներից մեկը դիմելով նախարարին ասաց. «Չկա էս հանրապետությունում մի հատ տղա, որ «Վինար»-ի Ավետից փողը ստանա: Փող չունեմ, որ ընտանիքս պահեմ, բանկն ի՞նչ կապ ունի: Ինքը հզոր, դուխով մարդ ա, Հայաստանում մեկը չկա, որ իրանից էդ գումարը կարողանա ստանալ: Էդ Ավետը թե ի՞նչ է տալիս, ի՞նչ է անում ու ո՞վ ա նստած դրա պոչին, որ կարողանում ա սենց թալանել, անհասկանալի ա: Փետրվարից մինչեւ այսօր ամեն ամիս ասում է՝ կտամ, կտամ, բայց երկրորդ տարին է՝ ոչ մի բան չի տալիս»:

Հիշեցնենք, որ գյուղացիներն անցած տարվա մթերած բերքի գումարը մինչ օրս չեն ստացել։ Խաղողը մթերած «Վինար» ՍՊԸ-ն քաղցրաշենցիներին, ինչպես նաեւ 10 այլ գյուղերի բնակիչների պարտք է մոտ 160 միլիոն դրամ:

Քաղցրաշենցիներից բացի, «Վինար» ՍՊԸ-ն խաղողի մթերման համար պարտք է Շահումյան, Այգեպատ, Այգեզարդ, Նարեկ, Ոստան, Վերին Արտաշատ, Նորաշեն, Հնաբերդ, Փոքր Վեդի բնակիչներին:

Նշենք, որ խաղողագործները պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում: