Սահմանային լարվածության չնվազելը եւս մեկ ապացույց է, որ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները պետք է կյանքի կոչվեն: Այս մասին այսօր` նոյեմբերի 3-ին, 2017թ. պետբյուջեի նախագծի խորհրդարանական լսումներից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
«Մեր հարցադրումները հենց դրան են ուղղված»,- ասաց փոխնախարարը:
Դիտարկմանը` միգուցե հայկական կողմը ոչ բավարար գնահատական է տալիս Ադրբեջանի քայլերին, Շավարշ Քոչարյանն արձագանքեց. «Կրակողին խոսքով չեն զսպում, եկեք ճիշտ հասկանանք: Խնդիրը շատ պարզ է: Ինչ վերաբերում է խոսքին, ասվում է, ինչ պետք է»:
Անդրադառնալով նախագահների հնարավոր հանդիպման մասին` փոխնախարարը նշեց, որ նման պայմանավորվածություն չկա, այժմ խոսք կա միայն նախարարների հնարավոր հանդիպման մասին:
Նշենք, որ խոսակցություններ կան, որ դեկտեմբերին հնարավոր է Սարգսյան- Ալիեւ հանդիպում:











