Կլինի ֆուտբոլ, կլինի այլ մարզաձեւ, մենապայքարային մարզաձեւ, եթե տեսնում եմ խնդիրներ, չեմ կարող որեւէ ներգրավվածություն չունենամ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը՝ պատասխանելով ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին:
«Կլինի ֆուտբոլ, կլինի այլ մարզաձեւ, մենապայքարային մարզաձեւ, եթե տեսնում եմ խնդիրներ, չեմ կարող որեւէ ներգրավվածություն չունենամ, դա բացառվում է: Ինչ վերաբերում է որպես օլիմպիական խարտիայի մասնագետ երեւի չեք կասկածում՝ որքան գիտելիքներ ունեմ էդ ուղղվածության մեջ»,-ասել է Հրաչյա Ռոստոմյանը:
Հիշեցնենք, որ Ռուբեն Հայրապետյանը ի պատասխան նախարարի քննադատությունենրին ասել էր՝ թող Ռոստոմյանը ատամնաբուժությամբ զբաղվի՝ ակնարկելով նրա բուն մասնագիտությունը:
«Ոլորտային խնդիրների հետ կապված պետությունը իրականացնում է քաղաքականություն, դրա համար համապատասխան նախարարը պետք է զբաղվի էդ ոլորտով»,-ասել է նախարարը՝ շեշտելով, որ Ռուբեն Հայրապետյանի այդ արձագանքից հետո իր ծրագրերի տեմպերն ավելի է արագացնելու: «Այդ արձագանքից հետո, այն ծրագրերը, որ նախատեսված էր իրականացնել, ես ավելի կարագացնեմ ի օգուտ հայկական ֆուտբոլի»,-ասաց նախարարը:
Հրաչյա Ռոստոմյանը մեկնաբանել է, թե ինչ է իրականում ֆուտբոլը, այն միայն մարզաձեւ չէ:
«Ֆուտբոլը հենց ինքը իրանով մարզաձեւ չի, այն կարող է հակառակորդներին իրար միացնել, երբ թիմը հաղթանակ է տանում եւ հակառակը կարող է լինել, երբ պարտվում է թիմը անգամ հարազատ մարդիկ տրամադրություն չեն ունենում եւ նեղացկոտությունը խորանում է»:
Ըստ նրա՝ շարքային երկրպագուից մինչեւ պատասխանատու պետք է նպաստեն թիմի հաղթանակին:











