Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտորի եղբոր՝ Հարություն Գրիգորյանին սպանելու մեջ մեղադրվող Արման Կատունյանն այսօր՝ նոյեմբերի 4-ին, մեղավոր ճանաչվեց եւ դատապարտվեց 3 տարի 3 ամիս ազատազրկման: Նման վճիռ է կայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, փոխանցում է NEWS/am-ի թղթակիցը:

Հաշվի առնելով, որ Կատունյանը շուրջ 6 ամիս գտնվել է անազատության մեջ, վերջնական պատժաչափ է սահմանվել 2 տարի 7 ամիս:

Մինչեւ վճռի հրապարակումը՝ ամբաստանյալը խնդրեց իր նկատմամբ մեղմ պատիժ կիրառել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Շիրակի մարզում 2014թ. hուլիսի 24-ին ժամը 16:00-ի սահմանում, Գետք համայնքի չօգտագործվող ֆերմաներից մեկի տարածքում գտել են Գյումրիի պետական Մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի դին՝ հրազենային տարբեր վնասվածքով: Կասկածյալը` Արման Կատունյանը, ոստիկանություն էր ներկայացել ինքնակամ եւ խոստովանել մեղքը։

Դրանից հետո քաղաքում լուրեր էին տարածվել, որ Կատունյանը, որը Վարդեւան Գրիգորյանի հարեւանն է, կասկածներ է ունեցել, որ ռեկտորի եղբայրը սիրահետում է իր կնոջը, եւ խանդի հողի վրա է նրան սպանել։

Կատունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածով (Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանությունը) եւ 235-րդ հոդվածով (Ապօրինի կերպով զենք կրելը)։