Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտորի եղբոր՝ Հարություն Գրիգորյանին սպանելու համար 2 տարի 7 ամսվա ազատազրկման դատապարտված Արման Կատունյանի փաստաբանները դատավճռի հետ համաձայն չեն:
Այսօր՝ նոյեմբերի 4-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավճռի հրապարակումից https://news.am/arm/news/355426.html հետո լրագրողների հետ զրույցում Կատունյանի փաստաբաններից Երվանդ Վարոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ պատրաստվում են բողոքարկել դատավճիռը:
«Ակնհայտ էր, որ ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ դատարանը պատժի հարցում գտնվեց կողմնակալ: Ես կարծում եմ, որ դեր խաղացին նաեւ սպասվող համաներման մասին խոսակցություններն առհասարակ, դա էր պատճառը, որ նման դատավճիռ կայացվեց: Չկա քրեական գործում Կատունյանի պատասխանատվությունը կամ պատիժը ծանրացնող որեւէ հանգամանք, ուստի այս պարագայում գրեթե մաքսիմալ հնարավոր պատիժը դատարանի կողմից նշանակելը մեղմ ասած տրամաբանական չէ»,- ասաց Երվանդ Վարոսյանը:
Նշենք, որ Կատունյանին դատարանը մեղավոր էր ճանաչել եւ դատապարտել 3 տարի 3 ամիս ազատազրկման: Հաշվի առնելով, որ նա շուրջ 6 ամիս գտնվել է անազատության մեջ, վերջնական պատժաչափ է սահմանվել 2 տարի 7 ամիսը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Շիրակի մարզում 2014թ. hուլիսի 24-ին ժամը 16:00-ի սահմանում, Գետք համայնքի չօգտագործվող ֆերմաներից մեկի տարածքում գտել են Գյումրիի պետական Մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի դին՝ հրազենային տարբեր վնասվածքով: Կասկածյալը` Արման Կատունյանը, ոստիկանություն էր ներկայացել ինքնակամ եւ խոստովանել մեղքը։
Դրանից հետո քաղաքում լուրեր էին տարածվել, որ Կատունյանը, որը Վարդեւան Գրիգորյանի հարեւանն է, կասկածներ է ունեցել, որ ռեկտորի եղբայրը սիրահետում է իր կնոջը, եւ խանդի հողի վրա է նրան սպանել։
Կատունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածով (Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանությունը) եւ 235-րդ հոդվածով (Ապօրինի կերպով զենք կրելը)։











