Երեւանում այսօր` նոյեմբերի 5-ին, քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով Անոնիմուսների երթի մասնակիցները Հանրապետության հրապարակում օդապարիկներ բաց թողեցին:
NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ, ցուցարարներն իրենց փոքրիկ ակցիան իրականացրին հենց Կառավարության շենքի դիմաց` բացականչելով «ազատություն»։
«Մեր Կառավարությունը փոխվում է, բայց իշխանության գլխին կանգնած է Սերժ Սարգսյանը։ Հետեւաբար երկրում ոչինչ չի կարող փոխվել. ով էլ լինի վարչապետի պաշտոնում, կատարելու է Սերժ Սարգսյանի հրահանգը։ ԿԳԲ–ից նշանակել են մի մարդու, որը մի քիչ ինտելեկտուալ ա, բայց ըստ էության ոչինչ չի փոխում։ Ինչպես հեռացնենք Սերժ Սարգսյանին, այնպես էլ ժամանակը գա, կհեռացնենք ողջ Կառավարությանը»,- ասաց Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը:
Ցուցարարներն այժմ քայլում են Մաշտոցի պողոտայով:
Նշենք, որ մինչ Կառավարության շենք հասնելը` ցուցարարները մի քանի րոպե կանգ առան ԱԱԾ շենքի դիմաց` բացականչելով «Ազատություն քաղբանտարկյալներին», Սասնա ծռեր, ապա նաեւ միջնամատ ցույց տվեցին:











