«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի հարազատներն ու աջակիցներն այսօր՝ նոյեմբերի 7-ին, ակցիա են իրականացրել՝ պահանջելով պատկան մարմիններին զբաղվել Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակով:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ակցիայի մասնակիցները դիմում- նամակներ հանձնեցին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, Արդարադատության եւ Առողջապահության նախարարություններին, «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկին:

Ըստ նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանի՝ իրենք պահանջում են նաեւ չեղարկել հարազատների տեսակցելու վրա կիրառվող արգելքը, վերացնել խափանման միջոց կալանավորումը, որպեսզի հնարավոր լինի կազմակերպել Հարությունյանի բուժումը:

Նշենք, որ Առողջապահության նախարարությունում ցուցարարներին ընդունեց փոխնախարար Վահան Պողոսյանը, որը նախարարի անունից հայտարարեց, որ բժիշկների խումբ է ձեւավորվելու, որը վաղվանից կայցելի «Դատապարտյալների հիվանդանոց» եւ կհետազոտի Հովհաննես Հարությունյանին:

Հիշեցնենք, որ ոտքից ծանր վիրավորում ստացած Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակի մասին հակասական կարծիքներ կան: Ըստ փաստաբան Հայարփի Սարգսյանի՝ իր պաշտպանյալի վիճակը գնալով վատանում է, նրան շտապ վիրահատություն է պետք, քանի որ ոտքը սկսել է սեւանալ, բարակել, իսկ նա էլ ցավերին չի դիմանում: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հակառակն է պնդում: