«Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի որոշ հատվածներ կարող են վճարովի դառնալ: Այս մասին նոյեմբերի 7-ին՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Նախարարի խոսքով՝ Հայաստանում ճանապարհաշինական ծրագրերը սպառնալիքի տակ չեն: «Պարզապես քննարկվում է, որ ճանապարհ որոշ հատվածներ կկառուցվեն պետական-մասնավոր հատվածի համագործակցության շրջանակներում»,- նշեց Վահան Մարտիրոսյանը:

Հարցին՝ կարելի՞ է ենթադրել, որ «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարության ներդրումային ծրագրին մասնավոր ընկերությունների ներգրավումը հետագայում ճանապարհի վճարովի լինելուն կհանգեցնի, նախարարը պատասխանեց. «Կարող են հատվածներ լինեն, որոնք վճարովի դառնան: Հավանաբար, հիմնականում վճարովի կդառնան թունելների կամ կամուրջների հատվածները: Բայց այդ հարցը դեռեւս քննարկման փուլում է»:

«Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու Աշտարակ-Թալին-Գյումրի հատվածի շինարարությունը, ըստ Վահան Մարտիրոսյանի, նախատեսվում է ավարտել մինչեւ 2019 թվականի սկիզբ: