ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ։
Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2016 թվականի նոյեմբերի 4-ին ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու, պահելու եւ իրացնելու կասկածանքով բերման է ենթարկվել 3 տղամարդ, որոնցից մեկը՝ ԻԻՀ քաղաքացի, 2-ը՝ հայ, Գյումրու բնակիչ: ԻԻՀ քաղաքացի Մուհամմադ Ասադիի մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են «B2» գրառմամբ դեղահաբեր եւ շագանակագույն երկու զանգված՝ ընդհանուրը 1004 գրամ քաշով, իսկ Գյումրու բնակիչն Արսեն Հակոբյանի մոտ հայտնաբերվել է պոլիմերային տարա, որի մեջ առկա է եղել մածուցիկ սեւ գույնի 597 գրամ քաշով մածուցիկ զանգված։ Նշված երկու անձանց հայտարարության համաձայն՝ հայտնաբերվածը հանդիսանում է թմրամիջոց։
Քննությամբ պարզվել է, որ ԻԻՀ քաղաքացին իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել «B2» գրառմամբ դեղահաբեր եւ առանձնապես խոշոր չափերի «ափիոն» տեսակի թմրամիջոց, որի մի մասն իրացրել է Գյումրի քաղաքի բնակչին։
Դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի եւ 268-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: ԻԻՀ քաղաքացին ձերբակալվել է` առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնելու կասկածանքով, իսկ Գյումրու բնակիչը՝ ապօրինի ճանապարհով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց ձեռք բերելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու նպատակով։











