Չի կարելի առանց ապացույցների բանակին կոռուպցիայի մեջ մեղադրել: Այս մասին նոյեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովում հայտարարել է իշխող ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Ռուբեն Հակոբյանի հարցին:
Հակոբյանը նշել է, որ եթե Հայաստանի իշխանությունները մտահոգված են երկրի պաշտպանունակության հարցերով, հարկավոր է հետաքննել բանակում կոռուպցիայի փաստերը:
«Դրանցով էլ զբաղվեք, որպեսզի հասկանաք, թե որքան են պաշտպանական ծախսերը եւ ուր են գնում այդ գումարները: Ընդ որում՝ դա պետք է անի պետությունը: Պետք չէ ասել՝ քաղաքացիներ, եթե ինչ-որ բանի մասին գիտեք, հայտնեք իրավապահ մարմիններին: Պետք չէ հասարակության մեջ գործ տվողների դաստիարակել»,- ասել է Ռուբեն Հակոբյանը:
Ի պատասխան՝ Նահապետյանը խնդրել է չվիրավորել հանրությանը եւ Զինված ուժեին առանց ապացույցների չմեղադրել: «Չեմ ասում, որ կոռուպցիա չկա: Ես ասում եմ՝ չի կարելի մեղադրել, եթե փաստեր չկան»,- պարզաբանել է նա:











