Կառավարության անդամները, որ ընդունել են  ՀՀԿ-ի առաջարկն ու ստանձնել այդ պատասխանատվությունը, արդեն իսկ թիմի անդամ են, պարտադիր չէ` նրանց անվան դիմաց գրվի ՀՀԿ:  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն` անդրադառնալով  կառավարության անդամների, վարչապետի, ինչպես նաեւ պաշտպանության նախարարի  ՀՀԿ-ի շարքերն անդամագրվելու նպատակահարմարությանը:

Անդրադառնալով մեկնաբանություններին, որ  նոր դեմքեր անդամագրելով` ՀՀԿ-ն փորձում է բարձրացնել իր վարկանիշը, Բաղդասարյանն ասել է. «Ընտրություններից առաջ ասում են վարկաբեկված… բայց ամեն ինչ պետք է նայեք մնացած քաղաքական ուժերի համեմատության դաշտում: Այն քաղաքական ուժը, որ չի մտածում իր հեղինակության բարձրացման մասին, այդ քաղաքական ուժը գնում է սպառման: Մենք որքան էլ առանցքային ուժ լինենք, պետք է մտածենք մեր ռեյտինգի, հեղինակության բարձրացման մասին: Եթե մենք զգանք, որ այդ անդամագրումով մեր հեղինակությունը կարող է բարձրանալ, բնականաբար, մենք չենք մերժելու»,-ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Պատգամավորը շեշտել է, թե իրենք չեն առաջարկում անդամագրվել: Իսկ թե ինչով է կուսակցությունը գրավիչ անկուսակցական նախարարների համար, Բաղդասարյանը դժվարացել է նշել. «Կարծում եմ` ցանկանում են իշխող կուսակցության ներսում լինելու, նրան ավելի մոտ լինելու համար, քանի որ  իրենց պաշտոններն արդեն քաղաքական պաշտոն են»:

Պաշտպանության նախարարի կուսակցական դառնալու մեջ ՀՀԿ խմբակցության ղեկավարը որեւէ վտանգավոր բան չի տեսնում, քանի որ նրա «ՀՀԿ-ական դառնալով բանակը չի քաղաքականացնելու»։

Ինչ վերաբերում է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, Բաղդասարյանը վստահեցրել է, որ ամեն դեպքում նա  եղել ու մնում է իրենց թիմի անդամ:

Հիշեցնենք, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն օրեր առաջ հայտարարել էր ՀՀԿ-ին անդամագրվելու իր մտադրության մասին: Տեղեկություններ կան, որ կառավարության նոր անդամներն էլ վարչապետի գլխավորությամբ անդամագրվելու են Հանրապետական կուսակցություն: