Բաքվի խավիարային դիվանագիտության «զոհը»՝ ԵԽԽՎ-ում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության նախկին ղեկավար Լուկա Վոլոնտեն, ցանկանում է մեծ  քաղաքականություն վերադառնալ: Այս մասին նշված է Իտալիայի պետական Rai 3 հեռուստառադիոընկերության Report նախագծի հետաքննության մեջ: Հերթական հաղորդման ժամանակ լրագրող Պաոլո Մենդանին եւ հաղորդավար Միլենա Գաբանելին անդրադարձել են Բաքվի կաշառքներին, եւ թե ինչպես են իտալացի խորհրդարանականները դրանք վաստակել:

Իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեն Ադրբեջանից 2 մլն 390 հազար եվրո է ստացել իր բացած Novae Terrae հիմնադրամի գործունեության համար:

Այդ միջոցներով հիմնադրամը երկու հետազոտություն է հրապարակել՝ Ընտանիքի գլոբալ անկախ ինդեքսը եւ Կրթության ազատության մասին գլոբալ հաշվետվությունը: Վոլոնտեի խոսքով՝ Ադրբեջանից փողն ինքը ոչ թե նվեր է ստացել, այլ Ադրբեջանի Զարգացման եւ քաղաքացիական հասարակության ասոցիացիային (ACSDA) խորհրդատվություն տալու համար: Հարցին՝ «խորհրդատվությունն ինչի՞ մասին էր», Վոլոնտեն պատասխանել է. «Այն մասին, թե ինչպես լավացնել այդ կազմակերպության աշխատանքը»:

«Փողը մենք աշխատանքի դիմաց ենք վերցրել: Եվ, իհարկե, դրանով չենք հարստացել»,- հավելել է նա:

Ընկերությանը մատնել է ֆինանսական հաշվետվությունը, որտեղ ընթացիկ դրամամիջոցները նշված էին 500 հազար եվրո՝ ներդրված մասնավոր եւ պետական արժեթղթերի մեջ, չնայած Վոլոնտեն նախապես հայտարարում էր, որ այդ փողերը կծախսվեն ագրո- եւ պարենային զարգացման համար խորհրդատվությունների համար:

Դրամական միջոցները կառավարելու համար Վոլոնտեն ստեղծել է Jetfield ընկերությունը, որը գրանցված էր Մարշալի կղզիներում: Տվյալ տեղեկությունը Վոլոնտեն այսպես է մեկնաբանել. «Այդ գործարքները հիմնված էին իմ ֆինանսիստների հանդեպ վստահության վրա: Ես նրանց հավատացել եմ»:

Սակայն Barlassina բանկը, որտեղ իր հաշիվներն էր պահում Վոլոնտեի կազմակերպությունը, ոչ մեկի խոսքին չի հավատացել եւ այդ տվյալները փոխանցել է իրավապահ մարմիններին:

Բաքվից Իտալիա է փոխանցվել ընդհանուր 3 միլիարդ: Փողերը փոխանցվել են բրիտանական LCM, Hilux, Polux եւ Metastar ընկերությունների միջոցով: Այդտեղից դրանք փոխանցվել են Մերձբալթիկայի բանկեր, այնուհետեւ՝ Իտալիայի: Այդ փողից մոտ 1,5 մլրդ-ը ստացվել է ադրբեջանական բջջային Baktelekom օպերատորից:

Վոլոնտեն եւ նրա գործընկերները ստացած փողերը վաստակել են, երբ խափանել են Ադրբեջանի քաղբանտարկյալների վերաբերյալ բանաձեւի նախագիծը, որը պատրաստել էր գերմանացի եվրախորհրդարանական Քրիսթոֆ Շթրասերը:

Լրագրողը չի կարողացել Բաքու մեկնել եւ լսել ադրբեջանցի վիզավիներին։ «Նրան մերժեցին, ըստ երեւույթին, այն բանի հիման  վրա, որ այդ հաղորդավարը նախկինում եղել էր Ղարաբաղում»,– նշում է Միլենա Գաբանելլին։

«Նրանք լավ հիշողություն ունեն։ Ես 1992-ին եղել էի Ղարաբաղում հակամարտությունը լուսաբանելիս։ Եվ այնտեղ էի հայտնվել այն ժամանակ եւ հիմա հնարավոր միակ ճանապարհով՝ Հայաստանով։ Եթե ես ուզում եմ, որ ինձ թույլատրեն մտնել Ադրբեջան, ես պետք է ներողություն խնդրեմ։ Այսինքն՝ ներողություն խնդրեմ իմ աշխատանքի համար։ Մի երկրում, որը ղեկավարում է հորից իշխանությունը ժառանգած անձը եւ որը չեղարկել է նախագահ դառնալու տարիքային շեմը։ Արդյոք որդուն փոխանցելու համար չի դա արվում։ Մեր երկիրը, որը  եվրոպական ինտեգրացիայի հիմնադիրներից մեկն է, այդ մասին ոչինչ չի ասում։ Եվրոպայի խորհուրդը կառույց է, որը պետք է պաշտպանի եվրոպական արժեքները, նույնպես լռում է։ Մենք մեր ընտրությունը կատարում ենք եւ ոչ մի կերպ չենք արտահայտվում։ Թեպետ մենք աշխատում էինք այդ արժեքների վրա այդքան երկար եւ դժվար»,– ամփոփում է Գաբանելին։