Նոյեմբերի 23-ին Մադագասկարի մայրաքաղաքում ՖՄԿ նախարարական համաժողովին մասնակցող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Կանադայի Քվեբեկ երկրամասի միջազգային զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով նախարար Քրիստին Սան-Պիեռին:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձան անցյալ տարի Երևանում կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, քննարկեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օրակարգային հարցեր:

Էդվարդ Նալբանդյանը և Քրիստին Սան-Պիեռը մտքեր փոխանակեցին կրթության, երիտասարդական քաղաքականության, տուրիզմի, տեղեկատվական տեխնոլոգիաների, բնապահպանության բնագավառներում փոխգործակցության զարգացման հնարավորությունների շուրջ։

Հանդիպմանը քննարկվեցին մի շարք հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրներ, մասնավորապես՝ սիրիական ճգնաժամի, փախստականների հոսքերի հետ կապված հարցեր։