ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը եւս ՀՀԿ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել:
Այս մասին նա նշել է այսօր՝ նոյեմբերի 24-ին, կառավարության շենքում լրագրողների հետ զրույցում:
Հարցին, թե արդյոք նախարարներին ստիպում են այդպիսի որոշում կայացնել, Վահան Մարտիրոսյանը պատասխանել է. «Ինչպես վարչապետն ասաց նիստի ընթացքում, որեւէ պարտադրանք չկա կուսակցական դառնալու, դա իմ որոշումն է»:
Հարցին, թե ինչո՞ւ նախքան նախարար դառնալը ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում չէր ներկայացրել, Վահան Մարտիրոսյանն ասաց, որ նախքան նախարար նշանակվելը քաղաքականությամբ չի զբաղվել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ նոյեմբերի 24-ին, կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել, ապա թվարկել այդ քայլի հիմնավորումները:
Նա խոսել է նաեւ կառավարության մյուս անդամների ՀՀԿ-ական դառնալու մասին՝ նշելով. «Այս նոր իրավիճակում, իմ ընկերներից, համախոհներից շատերը եւս ցանկանում են մասնակից դառնալ այս գործընթացին, նոր շունչ հաղորդելով այս շարժմանը: Պարտադի՞ր է, որ կառավարության կազմի անկուսակցական նախարարները եւ իմ թիմակիցներն անդամակցեն ՀՀԿ-ին. որեւէ պարտադրանք չկա, դա յուրաքնաչյուրի գիտակցական եւ գաղափարական որոշման հարցն է»:











