ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը այսօր ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում է ներկայացնելու: Այս մասին նա նշել է այսօր՝ նոյեմբերի 24-ին, կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում:

«Այո հետեւելու եմ վարչապետի քայլին: Դեռ դիմում չեմ գրել, էսօր կգրեմ: Պարտադիր չի, բայց ես թիմային աշխատող եմ»,-ասաց նա:

Նախարարը վստահեցրեց, որ ՀՀԿ-ի գաղափարախոսությունն «մոտիկ է» իրեն. «Բոլոր կետերը, հանրապետության անվտանգությունն ու նրա զարգացումը, բոլոր կետերը, որոնք կան կուսակցության կանոնադրության մեջ»:

Հարցին, թե Նժդեհի գաղափարախոսությունից ի՞նչը կառանձնացնի, Իգնատի Առաքելյանը պատասխանել է. «Ես չեմ կարող ոչ մի բան առանձնացնել: Ծանոթ չեմ այդ գաղափարախոսությանը»:

«Ես համարում եմ, որ ճիշտ է այսօր անդամակցել, դա իմ անձնական որոշումն է, կարծիքը: Դիմումը գրել եմ»,-ասաց նա՝ հավելելով, որ մինչեւ հիմա ՀՀԿ-ին անդամակցելու դիմում չի ներկայացրել, քանի որ քաղաքականության մեջ չի եղել:

Նախարարի խոսքով՝ ինքը նախկինում էլ ընտրությունների ժամանակ ձայն է տվել ՀՀԿ-ին, իսկ 2013 թվականի նախագահական ընտրություններին քվեարկել է Սերժ Սարգսյանի օգտին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ նոյեմբերի 24-ին, կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել, ապա թվարկել այդ քայլի հիմնավորումները:

Նա խոսել է նաեւ կառավարության մյուս անդամների ՀՀԿ-ական դառնալու մասին՝ նշելով. «Այս նոր իրավիճակում, իմ ընկերներից, համախոհներից շատերը եւս ցանկանում են մասնակից դառնալ այս գործընթացին, նոր շունչ հաղորդելով այս շարժմանը: Պարտադի՞ր է, որ կառավարության կազմի անկուսակցական նախարարները եւ իմ թիմակիցներն անդամակցեն ՀՀԿ-ին. որեւէ պարտադրանք չկա, դա յուրաքնաչյուրի գիտակցական եւ գաղափարական որոշման հարցն է»: