Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի հետեւանքով տուժած 26-ամյա Սմբատ Պողոսյանը պատահարից ոչինչ չի հիշում: Վանաձորի բժշկական կենտրոնում գտնվող Սմբատ Պողոսյանն այսօր՝ նոյեմբերի 29-ին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ բոլոր ուղեւորների նման ինքն էլ է վթարի պահին քնած է եղել: Հիշում է միայն, որ արթնանալուց հետո ամբողջությամբ արյան մեջ էր:

«Դեպքից անմիջապես հետո ուշքս գնացել է, ուշքի եմ եկել ու հասկացել, որ կոտրվածքներ ունեմ, արյան մեջ էի, փրկարարները եկան հանեցին ու հիվանդանոց տեղափոխեցին: Այստեղ էլ արդեն համապատասխան բուժօգնություն են ցուցաբերել»,- պատմեց նա:

26-ամյա երիտասարդը Բեսլանի բժշկական կենտրոնում ստացած բուժօգնությունից դժգոհություններ չունի: Ասում է՝ իրեն անմիջապես բուժօգնություն է ցուցաբերվել, հետազոտություններ են կազմակերպվել: «Ազդրերի, կոնքի, ձախ ոտքի կոտրվածքներ, ուղեղի ցնցում եմ ստացել, լյարդս են վիրահատել: Արդեն դիմել ենք վերականգնողական բուժման համար»,-ասաց նա:

Նշենք, որ Վանաձորի բուժկենտրոնում կատարված հետազոտությունից հետո բժիշկները նրա վիճակը գնահատել են բավարար:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաքի մոտակայքում հոկտեմբերի 14-ին Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի հետեւանքով տուժած վերջին քաղաքացին նախօրեին տեղափոխվել է Հայաստան։ Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության մեքենան տուժածին դիմավորել է Լարսում։ Այժմ կենտրոնի բժիշկները հետազոտություններ են իրականացնում՝ տուժածի հետագա վերականգնողական բուժումը կազմակերպելու նպատակով։

Հիշեցնենք, որ Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարից տուժածներից Հայստանի Հանրապետության 15 քաղաքացի տեղում` ամբուլատոր պայմաններում անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալուց հետո Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության աջակցությամբ ինքնաթիռով տեղափոխվել էին Հայաստան։ Ռուսաստանի Դաշնությունում բուժումը շարունակած Հայաստանի 4 քաղաքացիներից 3-ն ավելի վաղ էին տեղափոխվել հայրենիք։