Պակիստանի հարավում հյուրանոցում բռնկված հրդեհի հետեւանքով առնվազն 11 մարդ է զոհվել, 30 վիրավոր կա: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Dawn պարբերականը:

Դեպքը տեղի է ունեցել Կարաչի քաղաքի Regent Plaza հյուրանոցում: Կրակը բռնկվել է առաջին հարկում գտնվող խոհանոցում, այնուհետեւ տարածվել վեր՝ մինչեւ յոթերորդ հարկ: Փրկվելու համար որոշ հյուրեր դուրս են ցատկել պատուհաններից կամ սավաններից ճոպաններ սարքել:

Առնվազն 65 մարդ բուժօգնության է դիմել կոտրվածքներով, բեկորային վնասվածքներով եւ ծխից թունավորմամբ: Տուժածներից երեքը օտարերկրացիներ են, նրանց քաղաքացիությունը չի նշվում:

Հրշեջները կրակը կարողացել են տեղայնացնել երեք ժամ անց միայն: Հրդեհի պատճառների մասին ոչինչ հայտնի չէ: