Գյուղացիները զանգվածաբար թաղվել են վարկային, պարտքային փոսի մեջ. մարդիկ 2-ից 5 մլն պարտքեր են կուտակել, որոնցից կեսը տույժ ու տուգանք է: Այս մասին այսօր` դեկտեմբերի 5-ին, Ազգային ժողովում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
«Երեկ հանդիպումներ եմ ունեցել Արմավիրի մարզի գյուղերում. վիճակը աղետալի է, սարսափելի, վիճակն ավելի վատթարանալու միտում ունի: Սա մի քանի անբարեխիղճ մարդկանց հարց չի. համարյա բոլորն այդ վիճակում են: Սա նշանակում է` խնդիրը համակարգային է եւ պետք է անմիջապես արժանանա ԱԺ-ի ուշադրությանը: Օրինակ՝ Արեւիկ գյուղը եղել է Արմավիրի ամենահարուստ գյուղերից մեկը եւ սեղանի խաղող արտադրող, բայց այսօր այդ գյուղում բոլորը գրավադրել են իրենց տները»,- ասաց Զուրաբյանը:
Ընդդիմադիր պատգամավորն այնուհետեւ դիմեց ԱԺ նախագահին` հնարավոր չէ լսումներ անցկացնել այս հարցի վերաբերյալ: Գալուստ Սահակյանն արձագանքեց իր ոճով. «Դուք ընդամենն ուզում էիք, որ ժողովուրդը լսեր Ձեր այցերի մասին: Եթե Դուք որեւէ խնդիր ունեք, որ Ազգային ժողովը կկարողանա այսօր, վաղը, մյուս օրը քննարկել, դրա մասին խոսեք: Իսկ եթե լսումների անհրաժեշտություն ունեք, որ հանձնաժողովի անդամ եք, այդ հանձնաժողովում լսումներ նախապատրաստեք, եւ խնդրեմ, քննարկենք»:
Լեւոն Զուրաբյանին այս պատասխանը վրդովվեցրեց. ժողովրդի հետ հանդիպելը ոչ թե խնդիր է, որի համար պետք է նախատել, այլ ընդհակառակը` դա ամեն քաղաքական գործչի թասիբն է:
«Ես Ձեզ խորհուրդ եմ տալիս վարչապեստի հետ գնալ այդ գյուղերը, գնացեք Արեւիկ, այնտեղ Ձեզ սպասում են, գնացեք եւ այդ հարցերը իրենց հետ քննարկեք: Քանի որ այս հարցը համակարգային է, կառավարությունն առանձին այս հարցը չի կարող լուծել, Կենտրոնական բանկն առանձին չի կարող լուծել, բանկերը չեն կարող լուծել, իսկ Դուք ԱԺ-ի նախագահի կարգավիճակ ունեք եւ իրավունք ունեք` հրավիրելու նման լսումներ»,- ասաց Լեւոն Զուրաբյանը:
Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ Զուրաբյանի մատնանշած խնդիրների մասին տեղյակ է նաեւ Կառավարությունը, սակայն եթե ինքը լսումներ է ցանկանում կազմակերպել, ազատ է դա անել այն հանձնաժողովում, որի անդամն է ինքը:











