Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բոլոր բնակիչներն այսուհետեւ ավելի քիչ կվճարեն ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց, քանի որ «Լուսավոր սահման» կամավորական նախաձեռնության շնորհիվ իրենց տներում տեղադրվել են էներգախնայող լուսադիոդային լամպեր։ Այս նախաձեռնության հեղինակները գյուղի բոլոր՝ մոտ 300 ընտանիքներին 5–ական նման լամպ են տրամադրել, որպեսզի նրանք գործնականում համոզվեն դրանց արդյունավետության մեջ եւ հետագայում էլ լամպ գնելիս նախընտրություն տան նման լամպերին, ինչը որոշ չափով կթեթեւացնի նրանց հոգսը։
«Նախագծի առաջնային նպատակն է սահմանամերձ գյուղերի բնակիչներին էլեկտրաէներգիա տնտեսելու այլընտրանքային ուղի ներկայացնել։ Այս լամպերը մի քանի անգամ նվազեցնում են էլեկտրաէներգիայի ծախսը, սրանք հնարավոր է օգտագործել 30 000 ժամ եւ ավելի, բացի դրանից, դրանք ունեն 3 տարվա երաշխիք, որի ընթացքում որեւէ անսարքության դեպքում արտադրող ընկերությունը պարտավոր է անվճար փոխել դրանք»,- NEWS.am–ին ասաց «Երիտասարդ ինժեներների ասոցիացիա» ՀԿ նախագահ Հովհաննես Կարապետյանը:
Կազմակերպիչների խոսքով՝ եթե գյուղացիները շարունակեն օգտվել խնայող և երկարադիմացկուն լամպերից, տարվա կտրվածքով լուրջ գումար կտնտեսեն։
«Միջինացված հաշվարկով՝ յուրաքանչյուր լուսադիոդային լամպ իր արժեքը փոխհատուցում է օգտագործման 3-րդ ամսում, իսկ միայն երաշխիքային 36 ամսվա ընթացքում տնտեսում է առնվազն 24000 դրամ, չհաշված այն, որ որակյալ լամպերը կարող են ծառայել մինչև 10 տարի՝ այդպիսով խնայելով մոտ 80000 դրամ»,- NEWS.am–ի հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամներից Հայկ Շեկյանը։
Ներքին Կարմիրաղբյուր գյուղում ծրագրի հաջողության դեպքում այս փորձը կկիրառվի նաեւ Հայաստանի այլ սահմանամերձ գյուղերում եւ Արցախում։ Ակցիայի կազմակերպիչների նպատակներից է նաև լամպ մատակարարող ընկերություններին շահագրգռել ապրանք մատակարարել նաև սահմանամերձ գյուղեր, որպեսզի գյուղացիները լամպերը փոխելու համար ստիպված չլինեն Երեւան հասնել։
Նախագծի և դրամահավաքի այլ մանրամասների կարելի է ծանոթանալ www.ledify.am կայքում:

.jpg)











