Երեւանում Ճանապարհների մաքրման աշխատանքները պատշաճ ձեւով չեն կատարվում, առանձնապես անմխիթար վիճակում են շենքերի բակերն ու երկրորդական փողոցները:

NEWS.am-ը հարցում է անցկացրել երեւանցիների շրջանում, պարզելու, թե արդյոք պատշաճ ձեւով են իրականացվում կամ ընդհանրապես մաքրման աշխատանքներ տարվում են ծայրամասերում եւ բակային տարածքներում:

Քաղաքացիների խոսքով` որոշ չափով մաքրում են միայն գլխավոր փողոցները, բակային տարածքներում մերկասառույց եւ ձյան կույտեր կան:

«Մի քիչ դպրոցների դիմացն են մաքրում, սառույցը ու ձյունը տենց էլ մնում է: Ասել ենք, բողոքել ենք, բայց ապարդյուն»,-նշեց շենքերից մեկի բնակչուհին:

«Բանգլադեշում ապրող ընկերուհիս ոտքը 3 տեղից կոտրել է, ձյունը սառույցի վրա նստել է, չի տեսել ու ընկել է»,- ասաց քաղաքացիներից մեկը:

«Տեսել եմ մի քանի անգամ, եկել են կարմիր ավազ են ցանել, բայց ոչինչ չի փոխվել»,-նշեց մեկ ուրիշը:

Մինչդեռ Երեւանի քաղաքապետարանը գրեթե ամեն օր հաղորդագրություն է տարածում, որ ձյունամաքրման աշխատանքներ են իրականացվում քաղաքում: Խնդրին քաղաքապետարանն անդրադարձել են նաեւ այսօր. մասնավորապես, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ երկրորդական շատ փողոցներում, մայթերին, գրեթե բոլոր բակերում եւ միջբակային տարածքներում անելիքներ կան. «Բակային տարածքներում գոյացել են սառույցի շերտեր, որոնք մեծ անհարմարություններ են պատճառում մեր համաքաղաքացիներին»,-ասել է քաղաքապետը: