Հայաստանի հանրապետական կուսակցությունը քաղաքական խոչընդոտ չի տեսնում խորհրդարանական ընտրությունների օրը հետաձգելու մեջ, եթե բոլոր քաղաքական դերակատարները գան քաղաքական պայմանավորվածության: Այդ մասին այսօր՝ հունվարի 26-ին ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նա նշել է, թե այդ մասին ասել է նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդի նիստին: «Այս օրերին մենք տեսանք, որ որոշ գործընկերներ տարբեր կուսակցություններից իրենց առաջարկությունները ներկայացրին ընտրության օրվա հետ կապված, քանի որ այդ օրը լրանում է քառօրյա պատերազմի մեկամյակը: Իհարկե, իրավաբանները նշում են, որ չի հակասում Սահմանադրությանը եւ Ընտրական օրենսգրքին, սակայն մեր կարծիքը հետեւյալն է` ապրիլի 2-ը ազգային համախմբման, միասնության, մեր հերոս տղաների հիշատակի օրն է, բանակաշինության ոլորտում ձեռքբերումների մեկամյակը կարող է լինել: Եթե բոլոր քաղաքական դերակատարները գան քաղաքական պայմանավորվածության, որ մի քանի օրով հետաձգենք ընտրության օրը, ՀՀԿ-ն այստեղ որեւէ քաղաքական խոչընդոտ չի տեսնում»,- ասել է Շարմազանովը եւ հավելել, որ իրենք պատրաստ են բոլոր քաղաքական ուժերի հետ քննարկելու այս հարցը:
Նշենք, որ Հայ ազգային կոնգրեսն ու այլ քաղաքական ուժեր ՀՀԿ-ին կոչ էին արել տեղափոխել ընտրությունների օրը՝ պատճառաբանելով, որ այդ օրը լրանում է ապրիլյան պատերազմի տարելիցը եւ իրավական ու բարոյական առումներով սխալ է ընրությունները նշանակել ապրիլի 2-ին:











