Իմ նշանակումը կապված չէ Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման ժամանակ որեւէ գործողության հետ։ Այս մասին հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրվա միջոցառումների ժամանակ, լրագրողներին ասել է Լեռնային Ղարաբաղի հերոս, ԼՂՀ ԱԽ քարտուղար գեներալ Վիտալի Բալասանյանը։

Անդրադառնալով NEWS.am–ի հարցին, թե արդյոք նա ԼՂՀ ԱԽ քարտուղարի պաշտոնը ստացել է «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գունդը գրավելու ժամանակ գործողությունների համար, Վիտալի Բալասանյանն ասաց. «Ոչ, ես պաշտոնը Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման ժամանակ գործողությունների համար չեմ ստացել։ Ինձ ավելի լուրջ պաշտոն են առաջարկել, եւ ես հիանալի եմ կատարում իր պարտականությունները»։

Այն դիտարկմանը, թե այդ դեպքում ինչու էր նա համաձայնել որպես միջնորդ հանդես գալ իրադարձությունների ժամանակ, Վիտալի Բալասանյանը պատասխանեց. «Դա իմ անձնական որոշումն էր։ Ինձ ոչ ոք չի հարկադրել։ Եվ Հայաստանում եւ Ղարաբաղում ցանկացած ներքաղաքական լարվածության դեպքում ես եւ իմ նման մարդիկ պետք է պատրաստ լինեն թույլ չտալ ոչ մի ոտնձգություն»։