ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ընտանիքը Շիրակի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի համար բացված ֆոնդին  500 հազար դոլար ներդրում կանի: Այս մասին այսօր՝  փետրվարի 3-ին, Գյումրի այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է նա: Թե որտեղից վարչապետի ընտանիքին այդքան գումար, նա չի պատասխանել՝ նշելով, որ իր հայտարարագրում մանրամասն ներկայացրել է իր ունեցվածքի մասին տեղեկություններ. «Իմ ընտանիքը 500 հազար դոլար ներդրում է անելու, թե ինչ միջոցներով՝ իմ դեկլարացիայում ներկայացրել եմ»:

Կարեն Կարապետյանի խոսքով՝ Շիրակի սոցիալ-տնտեսական զարգացման համար ներդրումային փաթեթն այս պահին 10 միլիոն դոլար է կազմում:

«Մենք ստեղծելու ենք ֆոնդ, որի ներդրումային փաթեթն այս պահին 10 միլիոն դոլար է, որը տարբեր աղբյուրներից է, որտեղ մենք առաջարկելու ենք, որ  գյումրեցի սեփականատերերը նույնպես իրենց գույքով մասնակցեն, իրենց գույքը վաճառեն, մենք այդ ծարգիրն իրագործելու ենք: Ի՞նչ ձեւով ասեմ, որ ինձ ավելի շատ հավատաք»,-ասաց նա:

Կարեն Կարապետյանին վրդովեցրեց լրագրողների հարցը, թե ինչ երաշխիքներ կան, որ Շիրակի զարգացման ծրագիրը կիրագործվի:

«Ես ի՞նչ պետք է ասեմ, որ դուք դա համարեք երաշխիք, ասում եք՝ երաշխիք տվեք, ի՞նչ ձեւով եք պատկերացնում երաշխիքը, ասեք տամ: Մենք եկել ենք, որպեսզի աշխատատեղ ստեղծենք, դուք գիտեք, որ Գյումրիում միանգամից ամեն ինչ փոխելը անհնար է, բոլոր հարցերը միանգամից հնարավոր չէ լուծել»,-ասաց նա: