Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խորհրդարանական ընտրություններում կառաջադրվի Արմավիրի մարզի տարածքային ցուցակով։ Այս մասին նա ասել է փետրվարի 10-ին կայացած մամուլի ասուլիսին։

Մինասյանը նշեց, որ ինքը՝ որպես ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, բնականաբար, պատրաստակամություն է հայտնել ակտիվորեն մասնակցել առաջիկա ընտրություններին։ «Ավելին՝ ոչ միայն համամասնական ցուցակի համապետական մասով, այլ նաեւ իմ թեկնածությունը կառաջադրեմ առաջին հերթին Արմավիրի մարզի տարածքային ցուցակով։ Իմ նպատակն է ավանդ ներդնել նրանում, որ ՀՅԴ–ն կարողանա շարունակել իր ծրագրերի իրականացումը։ Բնականաբար, մենք ժամանակին հայտարարել էինք, որ ՀՀԿ–ի հետ քաղաքական համաձայնությունը կարճաժամկետ չէ եւ չի ենթադրում համագործակցություն ինչ–որ առանձին փուլում»,– ասել է Մինասյանը։

Ընտրություններից հետո, եթե հաջողություն գրանցվի, ՀՅԴ–ն կշարունակի ՀՀԿ–ի հետ համագործակցությունը, քանի որ իրենց ծրագրերն ուղղված են երկրում փոփոխություններ իրականացնելուն։