Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը եւ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր՝ փետրվարի 13-ին, խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու վերաբերյա հուշագիր ստորագրեցին (ֆոտոռեպորտաժ):

Համաձայնագրի տեքստը ներկայացնում ենք ստորեւ.

«Գիտակցելով, որ մեր երկրի ներքին եւ արտաքին մարտահրավերներին դիմագրավելու անհրաժեշտ է նոր որակի իշխանության ձեւավորում,

-ընդունելով, որ հանրային կյանքի բարելավման, մարդու եւ քաղաքացու իրավունքների պաշտպանության պետության ներսում առկա խնդիրների լուծման համար պետք է մի կողմ դնել անձնական հավակնությունները եւ առաջնորդվել բացառապես պետական շահով՝ ընդառաջ գնալով հանրային պահանջին, ըստ որի՝ երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհարժեշտ է քաղաքական ու հասարակական ուժերի լայն համախմբում,

-կարեւորելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների դերն ու նշանակությունը, մենք կնքում ենք դաշինքային համաձայնագիր եւ ԱԺ ընտրություններին մասնակցելու ենք միասին:

Դաշինքային համաձայնագիրը բաց է քաղաքական ուժերի, հասարակական միավորումների, քաղաքացիական շարժումների եւ ՀՀ եւ ԼՂՀ ապագայով մտահոգ քաղաքացիների համար»: