Սարի թաղում հուլիսի 19-ի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորվածների հարազատներն այսօր՝ փետրվարի 22-ին, Երեւանում բողոքի ակցիա իրականացրին: 

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ կալանավորվածների հարազատները բաց նամակ հանձնեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն, որից հետո երթով շարժվեցին Հայաստանում Ֆրանսիայի եւ Ռուսաստանի Դաշնության դեսպանատներ:  Հուլիսի 19-ի դեպքերով կալանավորվածների հարազատներից բաց նամակը վերցրեցին ԱՄՆ եւ Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչները, իսկ ՌԴ դեսպանատնից ոչ ոք դուրս չեկավ:

Այս պահին բողոքի ակցիայի մասնակիցները ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց են, որից հետո նրանք երթով շարժվելու են Բաղրամյան 26:

Բողոքի ակցիայի մասնակիցները դեսպաններից պահանջում են վերահսկողության տակ պահել իրենց հարազատների կալանավորման հարցը եւ աջակցել արդարության բացահայտման եւ նրանց ազատ արձակման հարցում: Նրանք նշել են, որ տվյալ քրեական գործերում քաղաքացիների կողմից կատարված արարքները առանձնացված չեն, տուժողները չեն ճանաչում մեղադրվողներին, դատավորները կամայական վճիռներ են կայացնում:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սարի թաղի բնակիչներ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանն ու Էդուարդ Զեյթունյանը 2016թ․ հուլիսի 19-ին ժամը 20.00-ի սահմանում Մովսես Խորենացի փողոցին հարող` Գլինկա եւ Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Բոլորն էլ կալանավորված են: Կալանավորվածների հարազատները մինչդեռ պնդում են՝ նրանք ընդամենը պահանջել են, որ իրենց հոսանքն ու ջուրը միացնեն, բացեն փակ ճանապարհները։