Սարի թաղում հուլիսի 19-ի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորվածների հարազատների կազմակերպած երթն ավարտվեց. դատախազության ներկայացուցիչը վերցրեց նրանցից դիմումը եւ վերադարձավ շենք։

Այնուհետեւ, երթի մասնակիցները շարժվեցին Բաղրամյան 26։ Նրանք դիմում բողոքով նամակ հանձնեցին նախագահական նստավայրի նամակների ընդունման բաժնի ներկայացուցչին եւ ցրվեցին։

«Մենք պահանջում ենք մեր հարազարազատների՝ Սարի Թաղի 10 բանտարկյալների  համար արդար դատավարություն։ Իմ ամուսինն ընդամենը գազ, լույս չունենալու պատճառով իջել էր պարզելու, թե ինչ կարելի է անել։ Եթե սենց շարունակվի, մենք ենք Սարի Թաղը շրջափակման մեջ վերցնելու։ Դե կտեսնեք...»,-ասաց հուլիսի 19-ին Սարի Թաղում տեղի ունեցած բախումների ժամանակ ձերբակալված Հրաչ Բայաջյանի կինը՝ Նարինե Ղազարյանը։

Ցուցարարների խոսքով՝ նրանք չեն նահանջելու ու տեղի չեն տալու մինչեւ իրենց հարազատները ազատ չարձակվեն եւ պատրաստ են անգամ Սարի Թաղ տանող բոլոր ճանապարհները փակել։

Նշենք, որ երթը մեկնարկել եմ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մոտից դեպի Ֆրանսիայի եւ Ռուսաստանի դեսպանատներ, ՀՀ Գլխավոր Դատախազություն  իսկ հետո Բաղրամյան 26։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սարի թաղի բնակիչներ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանն ու Էդուարդ Զեյթունյանը 2016թ. հուլիսի 19-ին ժամը 20.00-ի սահմանում Մովսես Խորենացի փողոցին հարող` Գլինկա եւ Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Բոլորն էլ կալանավորված են: Կալանավորվածների հարազատները մինչդեռ պնդում են՝ նրանք ընդամենը պահանջել են, որ իրենց հոսանքն ու ջուրը միացնեն, բացեն փակ ճանապարհները։