Արագածոտնի մարզի Թլիկ գյուղում երեկ` փետրվարի 26-ին, դաժանաբար սպանված Կարլեն Գրիգորյանն աշխատում էր «Յանդեքս» տաքսի ծառայությունում:

NEWS.am-ի թղթակցին Կարլենի հարազատները պատմեցին, որ նա երկու ամիս առաջ էր մեքենա գնել եւ ազատ ժամանակ տաքսի էր վարում:

«Կարլենն առաքիչ էր աշխատում, գործից հետո էլ տաքսի էր քշում: Երեկ 3-ի կողմերը խոսել է քրոջս հետ, ասել, որ աշխատանքը վերջացնում է, տուն գա, իսկ հետո հետ է զանգել, թե գործեր ունի, չի կարող գալ: Սպանողին եղբայրս չի ճանաչել, մենք էլ չենք ճանաչում, չգիտենք, թե ինչն է եղել սպանության պատճառը»,- ասաց Կարլեն Գրիգորյանի փոքր եղբայրը:

20-ամյա երիտասարդը, հարեւանների խոսքով, շատ աշխատասեր էր, հանգիստ, կռվարար չէր:

Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության` փետրվարի 26-ին ժամը 17.45-ին ոստիկանության Թալինի  ահազանգ էր ստացվել, որ Թլիկ գյուղի հարակից դաշտում հայտնաբերվել է դիակ՝ պարանոցի շրջանում արնահոսող վնասվածքով:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է դիակի ինքնությունը՝ 20-ամյա Կարլեն Գրիգորյան: Պարզվել է նաեւ, որ նույն օրը, ժամը 16:00-ի սահմաններում, 25-ամյա Վարդան Հ.-ն Երեւանի Լենինգրադյան փողոցից նստել է Կարլեն Գրիգորյանի «Մերսեդես C180» մակնիշի տաքսի ավտոմեքենան՝ Գյումրի մեկնելու նպատակով:

Արմավիր-Գյումրի ճանապարհին՝ Թլիկ գյուղի մոտ, վերջիններիս միջեւ ծագել է վիճաբանություն, որի ընթացքում Վարդան Հ.-ն դանակով հարվածել է Կ. Գրիգորյանին, պատճառել մահ, ապա դիմել է փախուստի:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ ժամը 19.45-ի սահմաններում նշված գյուղի դաշտից հայտնաբերել եւ բերման է ենթարկել Վարդան Հ.-ն, որը խոստովանել է կատարած հանցագործությունը:

Հանցագործության գործիք դանակն առգրավված է:

Վարդան Հ.-ն ձերբակալված է:

Կատարվում է քննություն: