Վարչապետ ա, կարա հայտարարի, կարա չհայտարարի. մի հատ սենց խոսք կա, ասում ա՝ արջը մեծ գազան է, ինչ ուզի կանի: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշել է ԵԿՄ նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ ցուցակի 17-րդ հորիզոնականը զբաղեցնող գեներալ Մանվել Գրիգորյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այն հայտարարությանը, թե ապրիլյան պատերազմի ժամանակ անորակ վառելիքի պատճառով զինտեխնիկան չի գործել:
«Ես անձամբ ամսի 2-ին ընդեղ եմ էլե, նման տեխնիկա չեմ տեսել, ո վառելիքի… կարող ա տեխնիկաներ եղել են, կարող ա վառելիքի… բայց ես անձամբ չեմ տեսել»,-ասաց Մանվել Գրիգորյանը:
Նրա խոսքով, վարչապետի այդ հայտարարությունն անպայման կստուգվի. «Բա կստուգեն, տենց բան չկա՝ ասվի, հետո չստուգվի: Բանակին թող ավելի զգուշ ըլնեն, նայեն, ստուգեն: Միշտ էլ թերություններ էղեր ա: Ես անձամբ փոխնախարար եմ էղե, ակումլյատորն էլ չի աշխատել, վառելիքն էլ, ձմեռը վախտ ա եղել, սառել ա, Պարսկաստանից ենք բերել: Անորակ բաներ ստացվել ա, բայց վռազ ուղղել են, դզել են: Միշտ էլ նման թերություններ եղել են: Կլնի, թերություններ են, որ ընտանիքներում էլ են լինում»:
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 1-ին սկանդալային հայտարարություն էր արել: Նրա խոսքով, ապրիլյան պատերազմի օրերին բանակն ունեցել է վառելիքի խնդիր, ինչի պատճառով ռազմական տեխնիկան հնարավոր չի եղել աշխատեցնել, քանի որ դիզվառելիքի հետ կերոսին են խառնում, եւ շուկայում այդպես անորակ վառելիք վաճառում: «Ապրիլյան պատերազմի օրերին մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում այդ պատճառով»,- ասել էր Կարեն Կարապետյանը:











