Պատգամավորների 70-80 տոկոսը նախադասություն ասել չգիտեն. ԱԺ-ին պետք են գրագետ պատգամավորներ՝ մեր թեկնածուների պես: Այս մասին, այսօր՝ մարտի 10-ին, Երեւանի Եվրոպական ակադեմիայում ընտրողների հետ հանդիպմանն ասաց «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:

«Հույս ունեմ, որ արաբկիրցիների հետ լավ քարոզարշավ կանցկացնենք: Բոլորս պետք է հասկանանք, որ Հայաստանում ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի՝ բիզնեսմենը՝ բիզնեսով, բժիշկը՝ բժշկությամբ, քաղաքական գործիչը պետության կառավարմամբ պետք է զբաղվի:  Հայաստանում քանի որ ամեն ինչ մերթընդմերթ գլխիվայր շրջվում է, դրա համար էլ մենք չենք կարողանում արդյունքների հասնել եւ այս երկիրը տանել զարգացման ճանապարհով»,-ասաց Արթուր Բաղդասարյանը:

Նրա խոսքով, երկրի ներսում կաղում ենք, տարածաշրջանում կաղում ենք, աշխարհում կաղում ենք. «Մեզ պետք է ամուր կանգնել ոտքերի վրա: Ամուր կանգնելու համար երկրի քաղաքական դաշտ պետք է մուտք գործեն այ խնդրեմ՝ մեր կուսակցության թեկնածուները: Տարբեր սերնդի ներկայացուցիչներ են, բայց բոլորը գրագետ, զարգացած մարդիկ են: Գրագետ եւ անգրագետ մարդկանց միջեւ տարբերություն պետք է դնենք… Վաղվա խորհրդարանում պետք է լինեն իսկապես գրագետ, ասելիք ունեցող մարդիկ: Մեր այսօրվա պատգամավորների 70-80 տոկոսը նախադասություն ասել չգիտի: Մարդ կա՝ 20-25 տարի պատգամավոր է՝ 5 նախադասություն չի խոսել Ազգային ժողովում: Տեսեք բացակայությունների թվերը՝ ամիսներով նիստերի չեն գալիս: Պատգամավորներ ունենք, ոչ լսում են, ոչ տեսնում են»:

Արթուր Բաղդասարյանը նշեց, որ այդպիսի պատգամավորներին լսում,  հիշում եւ տեսնում են ընտրություններից մեկ ամիս առաջ, որոնք ցուցակագրում են, տարբեր տեսակի կաշառքներ են առաջարկում, դրա համար էլ ժողովուրդն այսօր այս վիճակի մեջ է. «Արաբկիրում էլ ցուցակագրման եւ կաշառք առաջարկելու գործընթաց կա: Ես հավաստի աղբյուրներ ունեմ»,- ասաց Արթուր Բաղդասարյանը: