Հայաստանի Հանրապետական կուսակցությունը տնտեսական ծրագիր է ներկայացրել, որում հստակ ախտորոշվել են բոլոր խնդիրներն ու թերի կետերը, եւ առաջ շարժվելու տեսլական է ներկայացվել: Այս մասին այսօր՝ մարտի 11-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նրա հավաստմամբ՝ հիմնական խնդիրն ու թույլ կետն արդյունավետությունն է: Պետք է բարձրացնել ամեն ինչի` պետական կառավարման, գյուղատնտեսական, առողջապահական ոլորտների ֆինանական միջոցների ծախսման եւ այլնի արդյունավետությունը. այս ամենի վրա է կառուցվում ՀՀԿ ծրագիրը:

«Այս պահին ՀՀԿ-ն քննարկում է Հայաստանի տարածքում 3.2 մլրդ դոլարի ներդրումները: Արդեն գիտենք, թե ով է անելու, ինչ է անելու, ինչքան աշխատատեղ է լինելու: Սրանից 830-840 միլիոն ներդրումները կլինեն 2017 թվականին»,- հայտարարել է Կարապետյանը:

Իսկ ներդրումներից 55 մլն դոլարը Սյունիքի մարզում է նախատեսված՝ կոնկրետ ծրագրերում:

Սյունքիում վարչապետը երեք շարժիչ ոլորտ է տեսնում՝ հանքարդյունաբերություն, անասնապահություն եւ գյուղատնտեսությունը, այս օրերին մարզպետը բանակցում է նաեւ Կապանի օդանավակայանը վերագործարկելու ուղղությամբ:

«Մենք վստահ ենք, որ ինչ հայտարարում ենք, անելու ենք: Եղեք լավատես եւ հանդուրժող միմյանց նկատմամբ եւ անհանդուրժող` բոլոր թերությունների եւ անարդարությունների նկատմամբ, որոնք, ցավոք, մեր կյանքում կան: Մենք պետք է ձերբազատվենք հիասթափություններից, հակառակ դեպքում՝ շատ դժվար է առաջ գնալ»,- հայտարարել է Կարապետյանը:

Իսկ ապրիլի 2-ին վարչապետը խորհուրդ է տալիս ընտրել այն ուժին, որին հավատում են. «Ուսումնասիրեք ծրագրերը, դրանց իրականացման տեսլականը պատկերացրեք, եւ եթե ձայնը տաք ՀՀԿ-ին, մենք տեր կկանգնենք մեր բոլոր խոսքերին»:

ՀՀԿ-ն, ըստ նրա, «ռազգոն է վերցրել», եւ եթե դա չկանգնեցվի, նույն «ռազգոնով առաջ է գնալու»: