Վայոց ձորի Վայք քաղաքում ընտրողների հետ հանդիպմանն այսօր՝ մարտի 12-ին, վարչապետ Կարեն Կարապետյանին մոտեցավ մի երեխա եւ հարցրեց, թե որտեղ է պետք սովորել վարչապետ դառնալու համար:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Արբակ Վարդանյանը հարցը տվեց ցածրաձայն, որից հետո Կարեն Կարապետյանը նրան իր կողքին կանգնեցրեց եւ խնդրեց հարցը բարձրաձայն տալ:

«Դպրոցում, բայց պետք է լավ սովորես… Տեսնո՞ւմ եք հաջորդ վարչապետին, իմ կողքն է կանգնած: Այ հենց Արբակը դառնա վարչապետ, Վայքի սաղ հարցերը լուծելու է»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Այնուհետեւ վարչապետը խնդրեց վայքեցիներին մոտ կանգնել իրեն, որ ինքը կարողանա շփվել նրանց հետ, լսել նրանց խնդիրները հետագայում դրանց լուծում տալու համար: Նշենք, որ բնակիչները բավականին հեռու էին կանգնած:

Հիշեցնենք, որ Հանրապետական կուսակցության քարոզարշավն իրականացնում է Կարեն Կարապետյանը, թեեւ ընտրական ցուցակում ընդգրկված չէ: Ի դեպ, վարչապետը նույնիսկ նախընտրական շտաբի ղեկավարը չէ: