Երեւանում, այսօր՝ մարտի 15-ին, «Անի Պլազա» հյուրանոցում տեղի է ունենում «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նախաձեռնած նոր քաղաքական պլատֆորմի անդրանիկ ժողովը:
Ավելի վաղ Զարուհի Փոստանջյանը հայտարարել էր, որ մի խումբ քաղաքացիների հետ նոր քաղաքական պլատֆորմ է հիմնում, որը «կհամախմբի ողջ հայությանը»։
«Մեր հայրենակիցներն այսօր զրկված են իրենց քաղաքական իրավունքները լիարժեք օգտագործելուց եւ լիարժեք հնարավորություն չունեն մասնակցելու Հայաստանի քաղաքական կյանքին։ Այսօր շատ մարդիկ կան, որոնք չեն կարող մասնակցել ընտրություններին, քանի որ սփռված են ողջ աշխարհով մեկ եւ հետեւաբար, չեն կարող մասնակցել քվեարկությանը»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանը շաբաթներ առաջ դուրս է եկել «Ժառանգություն» կուսակցությունից, քանի որ այն միացավ Վարդան Օսկանյանի եւ Սեյրան Օհանյանի թիմին եւ ձեւավորեց դաշինք՝ առաջիկա ընտրություններին մասնակցելու համար։











