«Հայկական վերածնունդ» կուսակցությունը կլինի միայն այն քաղաքական կոալիցիայում, որը կընդունի իր պայմանները: Այս մասին, այսօր՝ մարտի 19-ին, Երեւանի Դավիթաշեն համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը։
«Կլինենք միայն այն քաղաքական կոալիցիայում, որը կընդունի մեր պայմանները: Հակառակ դեպքում որեւ քաղաքական ուժի հետ կոալիցիա չենք կազմի»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:
«Եթե ուզում ենք Հայաստանը դառնա քաղաքակիրթ երկիր, պետք է մի հստակ տեսլական ընդունենք, որ մեր երկրում հնարավոր չէ մի քաղաքական ուժ հավաքի 80 տոկոս քվե, որպեսզի նոր սահմանադրության համաձայն վաղը-մյուս օրը ընտրի երկրի նախագահին, կամ 100 պատգամավորի մեջ 70 քվե, որպեսզի սահմանադրական օրենքներ քվեարկի կամ անցկացնի: Այսինքն՝ նշանակում է, որ այս ընտրություններից հետո երկրում կազմավորվելու են նոր կոալիցիաներ»,-ասաց նա։
Րթուր Բաղդասարյանի խոսքով, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը կլինի որեւիցե քաղաքական կոալիցիայի մեջ միայն մի դեպքում՝ եթե իրենք ունենան որոշումների վրա իրական ազդեցություն. «Երկրորդ պայմանն այն է, որ մենք լինելու ենք այն քաղաքական ուժը կամ այն քաղաքական ուժերից մեկը, որը Հայաստանում կայացնելու է որոշում: Կամ՝ առանց մեր քաղաքական ուժի չեն կարող կայացնել որոշում: Պարզ է, չէ՞ ինչ եմ ասում: Միայն այդ դեպքում «Հայկական վերածնունդը» մաս կկազմի քաղաքական կոալիցիայի: Բայց ասում են՝ առուն չթռած, հոպ չեն ասում: Նախ պետք է սպասենք ընտրությունների ավարտին»,- մեկնաբանեց Արթուր Բաղդասարյանը:
Կուսակցության ղեկավարն իր խոսքում հիշատակեց նաեւ 2008 թվականը. «Ում դեռեւս հետաքրքրում են 2008 թվականի դեպքերը, պատասխանեմ, թե ինչ տեղի ունեցավ այն ժամանակ: Միայն մեր կուսակցության՝ այն ժամանակ ՕԵԿ-ի քաղաքական ճիտ որոշման շնորհիվ Երեւանն արյան ծով չդարձավ: Իսկ ժամանակին ովքեր դատափետում էին իշխանություններին, այսօր դարձել են նրանց դաշնակիցները: Մեր քաղաքական ուղեգիծը շիտակ է եղել, այսօր էլ մենք ասում ենք պարզ մի բան՝ մենք չենք պայքարում ընդդիմություն լինելու համար: Դա չէ մեր քաղաքական նպատակը: Այլ՝ մեր նպատակն իշխանություն դառնալն է, որը հնարավորություն կտա մեր ծրագրերը կյանքի կոչել»,- ընդգծեց Արթուր Բաղդասարյանը:
Ի դեպ, ընտրողների հետ հանդիպման ընթացքում Արթուր Բաղդասարյանը հուզվում էր, պատգամավորի թեկնածուի ձեռքերը ելույթի ընթացքում դողում էին:











