Ընտրակաշառք չի կարող բաժանվել մեկ դեպքում, եթե  իշխանությունը նախաձեռնի, հետեւի, գտնի ընտրակաշառք բաժանողներին եւ պատժի, իսկ իշխանությունն այս հարցում  վարում է ջայլամային քաղաքականություն:  Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի քարոզարշավի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում ասաց  ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ, Արաբկիր-Աջափնյակ-Դավիթաշեն ընտրական տարածքում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի պատգամավորության թեկնածու Արման Մուսինյանը:

Կոնգրեսի ներկայացուցչի խոսքով՝ իշխանությունը չի կարող իրականացնել անբիծ ընտրություններ անցկացնելու խոստումը, ինչի մասին վկայում է իշխանության վարած  քաղաքականությունը: 

«Կարծում եմ՝ այդ հավստիացումները դեռ չեն վերածվել ռեալ արդյունքների, Հանրապետական կուսակցությունն  ունենալով զրոյական վարկանիշ՝  փորձելու է վարչահրամայական ռեսուրսի, ողջ հանրապետությունով մեկ բաժանվող ընտրակաշառքի միջոցով, ապօրինի մեթոդներով կրկին ազդել ժողովրդի կամարտահայտման վրա: Ամենուրեք այն զրույցներն ու խոսակցություններն են քաղաքացիների շրջանում, թե ինչպիսի աստղաբաշխական թվեր են առաջարկում իշխանության ներկայացուցիչները: Այս ֆոնի վրա իշխանության հավաստիացումները, որ կլինեն արդար ու ազատ ընտրություններ, գնալով անարժանահավատ են դառնում»,-ասաց Արման Մուսինյանը:

Ընդդիմության ներկայացուցչի պնդմամբ՝ ընտրակաշառք չի բաժանվի այն դեպքում, եթե իշխանությունը գտնի ու պատժի ընտրակաշառք բաժանողներին:

«Ընտրակաշառք չի կարող բաժանվել մեկ դեպքում, երբ որ իշխանությունը նախաձեռնի, հետեւի գտնի ընտրակաշառք բաժանողներին եւ պատժի, իսկ իշխանությունն այս հարցում լրիվ վարում է ջայլամային քաղաքականություն:  Մարդկանց ասում են՝ փաստ բերեք բռնենք, իսկ իրենք մատը մատին չեն տալիս այդ  լայնամասշտաբ գործընթացը, որը տեղի է ունենում բոլորի աչքի առջեւ, իրենց գիտությամբ ու հովանավորությամբ, կանխելու: Սա է խնդիրը: Իշխանությունը ամբողջությամբ իրեն դուրս է դնում  պատասխանատվությունից ու  փորձում խնդիրը բարդել քաղաքացու վրա, որ նրանք գտնեն բերեն։ Սա աբսուրդ է»:

Անդրադառնալով «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի խաղաղության ծրագրի նկատմամբ ընտրողների վերաբերմունքին, Մուսինյանն ասաց. « Կարծում եմ՝մենք  կարողանում ենք արդեն հասնել նրան, որ այն հիասթափությունը, ապատիան, որ տիրում է հասարակության շրջանում  վերափոխենք ընտրությունների նկատմամբ հետաքրքրության, ինչպես նաեւ մեր առաջարկած պլատֆորմի, ծրագրի նկատմամբ: Այն ծրագիրը, որ մենք առաջարկում ենք, իհարկե շատ զգայուն է, բայց մեր քաղաքացիներն ունենալով  էմոցիոնալ, տարատեսակ կարծիքներ, այնուամենայնիվ, գնահատում են այն անկեղծությունը, որով Կոնգրեսը մտել է պայքարի մեջ, եւ այդ գնահատանքը կարծում եմ ապրիլի 2-ին կվերածվի աջակցության, երբ  քաղաքացիներն այցելեն ընտրատեղամասեր»: