Ժողովրդի փոխանցված հուսահատության մեջ սկսում ես կասկածի տակ դնել քո ասածները: Այս մասին այսօր` մարտի 20-ին, Մալաթիա-Սեբաստիայում եւ Շենգավիթում նախընտրական քարոզարշավի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակի չորրորդ հորիզոնականը զբաղեցնող Անահիտ Բախշյանը:

Նրա խոսքով`իրենք հավատում են, որ կարող են ժողովրդին հանել հուսահատության միջից.«Ամեն անգամ այս հանդիպումների ընթացքում ժողովրդի հուսահատությունը փոխանցվում է մեզ: Այդ փոխանցված տրամադրության մեջ դու սկսում ես կասկածի տակ դնել քո ասածները: Ես հավատում եմ մեր գրածին, մեր թիմին: Մենք ուզում ենք այդ ամենը դարձնենք իրականություն, եւ ուզում ենք, որ լինի ժողովրդի ազատ ընտրություն»:

Անահիտ Բախշյանը կարծում է, որ ժողովուրդը պետք է իրենց ընտրի, քանի որ ամենաիրատեսական ծրագիրը իրենց կուսակցությանն է, եւ միայն նրանք կարող են բարձրացնել ընկած ինքնիշխանության աստիճանը:

«Եթե այդ ընտրության արդյունքում մենք գանք խորհրդարան, ապա շատ-շատ հարցերի լուծում կտանք: Ժողովուրդը մեզ պիտի ընտրի, քանի որ մեր Հայաստան երկրի, պետության, ինքնիշխանության աստիճանը այնպես է ընկած, որ մենք մտավախություն ունենք, իսկ մենք ուզում ենք վերականգնել, ուժեղացնել եւ բետոնել, մեր քաղաքացու մեջ ինքնավստահություն ներշնչենք, որ ինքը կառչի այս հողից, բայց դա այնքան դժվար է..»,-ասաց նա:

Մալաթիա շաուկայում Անահիտ Բախշյանին մոտեցավ մի տղամարդ ու նշեց, որ քանի դեռ ընդիմադիր դաշտը միասին չէ, ապա այս երկրում ոչինչ փոխել հնարավոր չի.«Մենք միասին չենք, դուք մեզ հետ չեք: Թեկուզ Ծառուկյանի հետ դաշինք կազմեիք: Պետք է համախմբվել»:

Պատգամավորության թեկնածուն էլ պատասխանեց.«Ոնց որ աղջկադ ասես ամուսնացի, ամուսնացի, ինքն էլ ասի` ում հետ, դու էլ ասես` ում հետ ուզում ես: Տենց ոնց կլինի»: